Ի՞նչ կանի Էրդողանը

Անցյալ շաբաթ Արցախ էին այցելել մի խումբ թուրք մտավորականներ: Պաշտոնական Բաքվի նախնական արձագանքը թեական էր. ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բավարարվել էր նրանով, որ ասել էր, թե «ստուգվում է Թուրքիայի նշված քաղաքացիների ինքնությունը եւ հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության իսկությունը»: Այսպիսով ակնարկվում էր, թե Բաքվում չեն հավատում, որ Թուրքիայի ազգությամբ թուրք քաղաքացիները կարող էին այցելել «օկուպացված տարածքներ՝ առանց Ադրբեջանի իշխանությունների հետ նախնական համաձայնության»: Ըստ երեւույթին, անցած օրերին Ադրբեջանում փաստացի համոզվել են, որ Արցախ են այցելել Թուրքիայի ազգությամբ թուրք քաղաքացիներ: Եւ դիմել են ծայրահեղ քայլի. նրանց դեմ դատախազությունը հարուցել է քրեական գործ: Այդ առթիվ տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ հիշյալ անձինք «հանցավոր գործարքի մեջ են մտել Հայաստանի եւ օկուպացված տարածքների ներկայացուցիչների հետ եւ ապօրինաբար հատել Ադրբեջանի պետական սահմանը»: Դատախազությունը նրանց նկատմամբ հայտարարել է միջպետական հետախուզում: Պարզ ասած՝ Ադրբեջանը պետք է դիմի Թուրքիային եւ պահանջի այդ անձանց ձերբակալումը եւ արտահանձնումը:

Ստեղծվում է ինտրիգային իրավիճակ: Ի՞նչ որոշում կընդունեն Թուրքիայի պատկան մարմինները, կբավարարե՞ն Ադրբեջանի պահանջը, թե՞ կանտեսեն՝ կախված է, երեւի, Թուրքիայի բարձրագույն իշխանության դիրքորոշումից: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը տվյալ փաստը պարզապես օգտագործում է՝ իր դժգոհությունը հայտնելու ԼՂ հարցում Թուրքիայի վերաբերմունքից: Թուրք մտավորականների հետագա ճակատագրի հարցը կարող է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ինդիկատոր դառնալ: Շատ հատկանշական կլինի, եթե Թուրքիան անտեսի Ադրբեջանի դատախազության միջնորդությունը: Բայց նվազ հետաքրքրական չի լինի, եթե Արցախ այցելած թուրք մտավորականները ձերբակալվեն եւ արտահանձնվեն Ադրբեջանին եւ նրանց դեմ դատական գործ սկսվի: Դա առիթ կհանդիսանա, որպեսզի մեղադրվող մտավորականները հրապարակային կարծիք արտահայտեն, եւ թուրք հասարակությունը, թերեւս, կունենա Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունները ճշտորոշելու կարիք:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X