Նախագահն ընդունել է ՌԴ մաքսային ծառայության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու սեպտեմբերի 27-28 Երևանում անցկացված Մաքսային միության մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է պարբերական բնույթ ստացած ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստերի անցկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանը կողմնակից է ինտեգրացիոն գործընթացներին, որոնք ամրապնդում և խորացնում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը:

Վլադիմիր Բուլավինը շնորհակալություն է հայտնել միավորված կոլեգիայի 24-րդ նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր նիստ մաքսային ոլորտում մասնակից երկրների փոխըմբռնման, համագործակցության, միասնական աշխատանքի և արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից չափազանց կարևոր է և նպաստում է գործընկեր պետություններում մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը: ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է երևանյան նիստում քննարկված հարցերը՝ նշելով, որ հագեցած օրակարգի շրջանակներում բավական արդյունավետ աշխատանք է իրականացվել, ինչը կնպաստի մաքսային ծառայությունների առջև դրված խնդիրների բարձր մակարդակով լուծմանն ու ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի խորացմանը:

Մեկնաբանություն
X