Ներե՞լ, թե՞ պատժել

Դատավորների ու մեղադրողների պակաս մեզանում չկա։ Նախօրեին Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի վայրից մի կին պարկով մակարոն է տարել։ Րոպեներ անց համացանցը լցվեց մեղադրանքի հատորներով՝ մակարոնի գողին գամեցին անարգանքի սյունին, հեռուն գնացող հետեւություններ արեցին, մարդկային «ստոր» բնույթի մասին խոհափիլիսոփայական ռեմարկներ։ Թվաց՝ հրեշտակների երկրում ենք ապրում, բոլորը սուրբ են եւ երբեք «կարմիր լույսի տակով» փողոցն էլ չեն անցել։ Երեկ էլ լուր տարածվեց, որ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն է ազատ արձակվել։ Ու չնայած ամիսներ առաջ արդեն գրվել էր, որ նրան ՀՀ նախագահը ներում է շնորհել, եւ շուտով ազատ կարձակվի, հանրությունն անսպասելի լուրից վրդովված, սկսեց քննադատել՝ թալանչիներին ազատում են։ Անեծքի ու քննադատության դոզան այնքան շատ էր, որ անգամ մտածող մարդիկ չհամարձակվեցին առարկել, թե այս մի «թալանչին» գոնե 5 տարի նստել է, իսկ որքա՜ն չբռնված թալանչիներ կան, որ ազատ ապրում են, պաշտոն զբաղեցնում, պետական բյուջեի «հերն անիծում»՝ մնալով անպատիժ։ Ի վերջո, 5 տարի բանտում անցկացնելը տնտեսական հանցագործության համար քիչ չէ։ Ինչպես քիչ չէ սպանության համար 20 տարի նստելը։ Իսկ հասարակությունը պետք է նաեւ այս անձանց ու նրանց հարազատների աչքերով նայի իրադարձություններին։ Շատ ավելի ազնիվ ու բարոյական կլիներ, որ հանրությունը պահանջեր 20-25 տարի բերդում նստած ցմահ դատապարտյալի նկատմամբ վաղաժամկետ ազատման դրույթը կիրառել եւ ընդվզելու ռեսուրսն ուղղեր այդ խնդրի լուծմանը, այլ ոչ թե բերդից մարդ ազատելու դեմ հանրային բողոքի ակցիաներ կազմակերպեր։ Ի վերջո, հասարակությունը քաղաքացիական է դառնում նաեւ ներողամտության, բարության, անհիշաչարության դրսեւորումների շնորհիվ։

Մեկնաբանություն
X