Մրցույթում հաղթել է մետրոպոլիտենի աշխատակցի դստեր ՍՊԸ-ն

Պետական գնումների ընթացակարգում գործող կոռուպցիոն զանազան սխեմաներին եւ զեղծարարություններին մամուլը քանիցս անդրադարձել է: Շատ են դեպքերը, երբ խոշոր դրամագլխով մրցույթում շահած ընկերություններն ամենատարբեր՝ խնամի, ծանոթ, բարեկամ կապերով կապված են լինում գնում հայտարարողի հետ, կամ հենց գնում հայտարարողի ՍՊԸ-ն է դառնում մրցույթում շահողը: ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս հայտարարված մի մրցույթ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից: Մրցույթում, որը հայտարարվել է այս տարվա օգոստոսին՝ «շարժասանդուղքների բազրեփոկերի լռմանը հետեւող համակարգի արդիականացման» ծառայությունների մատուցման նպատակով, հաղթել է «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն: Ընկերության հետ սեպտեմբերի 6-ին 17 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել: Ընթերցողը, հավանաբար, կհիշի, որ ժամանակ առաջ մենք շարժասանդուղքների արդիականացման թեմայով ծավալուն զրույց էինք ունեցել մետրոպոլիտենի շարժասանդուղքների սպասարկմամբ, անվտանգությամբ ու նորոգմամբ զբաղվող Երեւանի մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանի հետ: Նա մեզ մանրակրկիտ ներկայացրել էր շարժասանդուղքների վիճակն ու դրանց արդիականացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները, նշել, որ ահռելի միջոցներ են հարկավոր էլեկտրական տրանսպորտային այդ միջոցն ամբողջովին արդիականացնելու համար: Պարզվում է՝ վերոհիշյալ մրցույթում հաղթած ընկերությունը պատկանում է շուրջ 35 տարի մետրոպոլիտենում աշխատող Սամվել Մնացականյանին: Հիշյալ ընկերությունը ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է 27.11.2014-ին, Լիլիթ Սամվելի Մնացականյանի անունով, ով էլ Մնացականյանի դուստրն է: Ինքը՝ Մնացականյանը, «Ֆոլկ տուր»-ում աշխատում է որպես գլխավոր ճարտարագետ: Մեզ հետ զրույցի սկզբում նա փորձեց ցույց տալ, թե անտեղյակ է ընկերության մասին՝ ասելով. «Մեկ ընկերություն է մասնակցել մրցույթին, ինքն էլ հաղթել է: Ինչ-որ «Ֆոլկ տուր»»: Մեր ճշտմանը, թե ում է պատկանում այդ ընկերությունը, Մնացականյանն արձագանքեց. «Ինչ-որ մեկի ընկերությունն է, ի՞նչ կապ ունի, թե ումն է: Այդ ընկերությունն զբաղվում է շարժասանդուղքներով, վերելակներով եւ այլն, եւ այլն»:

Արդյո՞ք ընկերությունը Ձեր աղջկան է պատկանում, թե՞ անձնական տվյալների համընկնում է: «Իմ աղջիկն ի՞նչ կապ ունի իմ հետ»,-արձագանքեց մետրոպոլիտենի բազմափորձ աշխատակիցը՝ հավելելով. «Չի համընկնում, պատկանում է: Ինքն է հիմնադիր տնօրենը: Ճարտարագիտությունով ես եմ զբաղվում, իրավունք չունե՞մ: Մրցույթը բաց է հայտարարվել, օրենքի սահմաններում: Մենք մեր հայտը ներկայացրել ենք, որ կարող ենք անել էն ծրագրերը, որոնք դրված են եղել մրցույթի համար: Եվ մենք շահել ենք: Մեր ընկերությունը, էդ ընկերությունը ունի համապատասխան մասնագետներ, ընդհանրապես կապ չունի մետրոպոլիտենի հետ: Մեր հիմնական գործունեությունն առեւտրային շենքերի սպասարկումն է, շարժասանդուղքների մոնտաժումը, շահագործումը եւ ընթացիկ սպասարկումը»: Մնացականյանն առաջարկեց «ինչ-որ բաներ չփնտրել» նրանում, որ, լինելով մետրոպոլիտենի աշխատակից, սպասարկելու է մետրոպոլիտենի կարիքները՝ որպես մասնավոր ընկերության ներկայացուցիչ:

««Ֆոլկ տուրը» ներկայացրել է իր գնային առաջարկությունը եւ լուծումը: Այսինքն՝ էն, ինչ որ ուզում է մետրոպոլիտենը, մենք էդ լուծումն ունենք, գտել ենք եւ կարող ենք հին, քարի դարի համակարգերը փոխարինել նոր, ժամանակակից հաշվող, ստուգող, հետեւող համակարգերով: Մենք մշակել ենք, մեր մշակումը փորձարկել ենք, ստացվել է, ու առաջարկել ենք, որ մենք կարող ենք անենք էդ»: Պարզապես, քանի որ դուք քաջատեղյակ եք, թե որքան գումար է պահանջվելու հիշյալ ծառայությունը մատուցելու համար, այդքան գումար էլ ներկայացրել եք ձեր մրցութային փաթեթում եւ շահել: «Ես չեմ իմանում, թե մոտրոպոլիտենն ինչքան է ներկայացրել, բայց մեր հաշվարկով այդքան գումար կպահանջվի, բազրեփոկերի արդիականացման համար էդքան է ստացվում: Ես Ձեզ ասում եմ, որ էստեղ ուրիշ բան մի փնտրեք: Փնտրեք զուտ մասնագիտական մոտեցում: Էդքան բան»: Նաեւ՝ շահ, ձեր ընկերությունը հաղթել է մրցույթում, մասնավոր շահ չփնտրե՞նք: «Էստեղ ես պետական եւ մասնավոր շահի բախում էլ չեմ փնտրում: Ճիշտ կլիներ, որ էդ ամենը կատարեր մեկ ուրիշը, հա՞: Ես աշխատում եմ նաեւ «Արմեն լիֆտում»՝ որպես գլխավոր մասնագետ, նաեւ՝ «Էլիտ լիֆտում», նման ընկերություն էլ կա: Ոչինչ գաղտնի չի արվում: Ես իմ մասնագիտական գիտելիքները վաճառում եմ եւ իրավունք ունեմ դա անել»,-հակադարձեց մեր զրուցակիցը: Մնացականյանի խոսքով, պլանավորվում է մինչեւ սեպտեմբերի 31-ն ավարտել արդիականացման աշխատանքները: «Հարկավոր է գործիքների, նյութերի, դետալների ձեռքբերում, որը կատարվում է արտասահմանից: Կեսը «Շնայդեր էլեկտրիկից» է գալիս, մի մասը ռուսական ռազմական գործարաններից մեկն է արտադրում: Որոշակի կրիչներ կան, որոնք պետք է շատ բարձր որակի լինեն: Եվ, որպեսզի որակ ապահովենք, նախընտրել ենք զինվորական, պաշտպանական նպատակներով արտադրվող կրիչներ ձեռք բերել: Այդ բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, պատվերն ստանալուն պես կանցնենք գործի»,- ասաց Մնացականյանը: Նա, հիշեցնենք, մեր նախավերջին զրույցում նշել էր. «Բազրեփոկերի հետեւում մեխանիզմներ կան, եթե դուք բռնված եք բազրեփոկից, եւ եթե այն կանգնի, իսկ աստիճանաժապավենը շարունակի շարժվել, դուք ավտոմատ կերպով ավելի ամուր եք բռնում դրանից, ձեր ոտքերն այդ դեպքում առաջ կգնան, ու կընկնեք: 50-60-ական թվականներին մշակված այդ մեխանիզմն առաջիկա երկու-երեք ամսում մենք կփոխարինենք ավելի արդիական, էլեկտրոնային, ճշգրիտ կրիչներով, սարքավորումներով»: Հարկ է ընդգծել, որ շարժասանդուղքը համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ: ՀՀ-ում այս տեսակի օբյեկտների շահագործումը կանոնակարգված է օրենքով: Դրանց տեխնիկական վիճակի մոնիտորինգը վերապահված է ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որն ստուգումներ է իրականացնում տարին մեկ անգամ:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X