Ապտակ ոստիկանությանը

Նախօրեին Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարը սեպտեմբերի 27-ի առավոտյան մոտ 5-6 ժամով պարալիզել էր երթեւեկությունը՝ Նորքի զանգվածներից եւ Ավանից քաղաք շտապողներն ստիպված էին եղել երկար սպասել, մինչեւ ճանապարհը բացվի։ Թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի՝ «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան բախվել էր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետեւ՝ թունելի եզրակալներին եւ կողաշրջվել։ Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից վարորդ Ա. Արշակյանը տեղում մահացել էր: Քիչ անց համացանցում հայտնվեցին լուսանկարներ, թե ինչպես է մի կին սննդով բեռնված մեքենայից մակարոնով պարկ գողանում մահացածի մեքենայից։ Կատարվածի առիթով, իհարկե, քրեական գործ է հարուցվել, սակայն ուշագրավ է, որ Քննչական կոմիտեն արձանագրել է ոչ միայն գողության փաստը, այլեւ այն, որ «դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որեւէ գործողություն չեն ձեռնարկել՝ նշված կնոջ գործողությունները կանխելու, դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ», ուստի միջնորդագիր է հղել «ոստիկանության Երեւանի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու եւ խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Մեր ոստիկանությունը, պարզվում է՝ ոչ միայն չի կարողանում կանխարգելել հանցագործությունները, օպերատիվ պատշաճ աշխատանք կատարել, այլեւ ո՛չ նկատում է, ո՛չ էլ միջամտում քթի տակ կատարվող հանցագործությունը։ Այ, եթե քաղաքական ակցիա լիներ, մարդիկ բողոքի ցույց անեին, մեծ վարպետությամբ թեւերը կոլորեին ու կտանեին բաժիններ։

Մեկնաբանություն
X