Հարցեր չտալ, որոնք չեն վերաբերում պաշտոնավարմանը, վերաբերում են անձնականին. ի՞նչ էր ամփոփում Շիրակի մարզպետը

Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: Մարզպետարանը նախ մի տեսանյութ է պատրաստել, որտեղ մարզպետն անձամբ է ներկայացնում իր արած գործերը, իսկ հետո հանդես է եկել լրագրողների առջև: Մարզպետի խոսքերով՝ հեշտ չէ ղեկավարել խնդիրներով բազմառատ Շիրակի մարզը: Ինչևէ,100 աշխատանքային օրվանից մարզպետն առանձնացրել է հատկապես արած գործերը: Դրանք են՝ Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13 փլուզված շենքի բնակիչներին տարհանելն ու բնակարանների գնման վկայագրերով ապահովելը: Մարզպետի համար կարևոր է նաև Գյումրի գետակի մաքրումը, ինչը իրենից առաջ, չգիտես ինչու, ոչ ոք չէր նախաձեռնել: Դա էլ են մաքրել, ընդգծում է նա ու արված գործերի շարքը համալրում ևս մի քանիսով: Այցելել է մարզի գյուղական վայրեր, ծանոթացել առկա խնդիրներին, մի խոսքով՝ ինչը հասցրել է, արել է, ինչ չի հասցրել, անելու է:

Ինչպես ինքն է ասում՝ խնդիրներին ավելի խորը արմատական լուծումներ տալու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Հետաքրքիր է, որ Գյումրու քաղաքապետի նման մարզպետն էլ հպարտանում է Ռուսթավելի փողոցի շինարարությամբ՝ համարելով այն բավականաչափ կարևոր եւ մեծ գործ: «Համաձայն մեր ռազմավարության՝ մարզում զարգացման 4 ուղղություն ենք նախատեսել՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, փոքր եւ միջին բիզնեսի խթանում եւ ինովացիայի ու տեղեկատվական տեխնալոգիաների զարգացում»,-ընդգծում է մարզպետը՝ համարելով, որ Շիրակի մարզն ունի բոլոր պոտենցիալ ռեսուրսները նշված ուղղություններով:

«Մեկ կարևոր փոփոխություն պետք է հաստատ արձանագրեմ, որ մարզպետարանից դուրս եկող փաստաթղթերում էականորեն ավելացել են առաջարկություններն ու դիտողությունները, մենք աշխատել ենք նախաձեռնություններով հանդես գալ: Ներդրումային երկու ծրագիր կա, որոնց մասին շուտով հստակորեն կխոսենք: Ուրախացնողն ինձ համար համայնքային զարգացման ծրագրերի մասով կատարված աշխատանքներն էին: Մարզի համայնքները պատասխանատու աշխատանքային խմբերի հետ բավական ակտիվ աշխատեցին, մշակվեց 38 ծրագիր, որոնցից 16-ը անցան նախնական քննարկումերը: Դրանց մի մասի իրականացման համար հաստատ միջոցներ կտրամադրվեն»,-նշում է մարզպետը՝ խոստովանելով, որ 2017-ը գյուղատնտեսական առումով նպաստավոր տարի չէր, եւ մշակաբույսերի ցանքատարածությունների նվազում է գրանցվել:

Ուշագրավ է, սակայն, որ այսպիսի հավասարակշռված հաշվետվությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում մարզպետն այնուամենայնիվ սայթաքեց: ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք իշխանափոխության անհրաժեշտություն մեր երկրում՝ հաշվի առնելով առկա խնդիրները, պատասխանեց. «Սա Շիրակի մարզպետի հարցազրույցն է պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Խնդրում եմ հարցեր չտալ, որոնք չեն վերաբերվում պաշտոնավարմանը, պաշտոնական լիազորություններին, ինչպես նաեւ կխնդրեի անձնական հարցեր չտալ»,-մարզպետի նման պատասխանը կարծես թե հակասեց երեկվա ձեռքբերումին:

Նշենք, որ երեկ Շիրակի մարզպետարանը ճանաչվեց ամենաբաց գերատեսչությունը, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին օրենքը»: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Կոնգրես հյուրանոցում «Ոսկե բանալի»-ին հանձնեց մարզպետ Արթուր Խաչատրյանին՝ որպես բաց ու թափանցիկ աշխատող պաշտոնյայի: Նրա թեկնածությունն, ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանի, հաստատել են նաև Գյումրիում գործող հեռուստաընկերությունների լրագրողները:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X