Կոտայքի միավորվող համայնքներում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Մեղրաձորի գյուղապետը

Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի Աղավնաձոր, Մարմարիկ, Հանքավան, Մեղրաձոր, Արտավազ գյուղերը կմիավորվեն: Աղավնաձորի գյուղապետ Մխիթար Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն իր թեկնածությունը չի առաջադրել: Հարցին՝ արդյոք տարաձայնություններ են եղել ՀՀԿ-ի միջեւ, Մխիթար Դանիելյանն ասաց. «Միանշանակ ոչ, կուսակցությունը ոնց որոշել է, մենք էդպես անում ենք»: Նշենք, որ Մխիթար Դանիելյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ազգականն է:

Արտավազ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը դեռ չի կողմնորոշվել՝ կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ. «Դեռ չգիտեմ, տարբեր բաներ կան, այ քուր ջան, ինչ ասեմ»:

-Իսկ ՀՀԿ-ից «դաբրո» ստացե՞լ եք:
Դաբրոն ո՞րն ա, կենտրոնը Մեղրաձորնա, ինքն էլ մեծ համայնք ա, ինձ թվում է, որ Մեղրաձորը կլինի:

-Պարոն Հովհաննիսյան, եթե ՀՀԿ-ն մեկ այլ թեկնածու առաջադրի, ինչպե՞ս կընդունեք այդ որոշումը:
Շատ նորմալ:

-Կշարունակե՞ք աշխատել գյուղապետարանում որպես լիազոր ներկայացուցիչ:

Դե երեւի կմնամ, կաշխատեմ:

Հանքավան համայնքի ղեկավար Շահեն Հակոբյանը եւս չի առաջադրի իր թեկնածությունը, թե ինչու՝ չասաց. «100 բնակիչ ունի, փոքր համայնք ա»: Շահեն Հակոբյանը 2014թ.-ին ընտրվել է համայնքի ղեկավար, իսկ մինչ այդ Հանքավան համայնքի ղեկավարն էր նրա եղբայրը՝ Հակոբ Հակոբյանը:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի թեկնածուն Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանն է, ով վստահ ասաց, որ առաջադրելու է իր թեկնածությունը եւ պայքարելու է համայնքի ղեկավարի պաշտոնի համար:

-Բնակչությունը ինչպե՞ս է ընդունում համայնքների խոշորացումը:
Նրանք չեն կողմնորոշվում, դրական-բացասական արդյունքի մասին չեն կարող ասել, ամեն մի նոր բան եթե գալիս է, ասում են՝ հինը լավա, ես համամիտ չեմ, կյանքը առաջ է գնում: Առաջխաղացում պետք է լինի չէ՞։

-Ի̉նչ կտա համայնքների խոշորացումը:
Դրական արդյունք:

Նշենք, որ Կառլեն Հովհաննիսյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1970-2003թթ․ ոստիկանության համակարգից, այնուհետեւ 2003-2005թթ․ եղել է Հրազդանի ԾԻԳ ՊՀ՝ պահակային ծառայության բաժնի պետ, իսկ 2005թ Մեղրաձոր համայնքի ղեկավարն է:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X