Իրավունք

Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը հացադուլ է հայտարարել

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը հացադուլ է հայտարարել, այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով այսօր դատարանում միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար։

«Մեղադրող դատախազն առարկեց իմ միջնորդության դեմ, և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը մերժեց միջնորդությունը, որից հետո Ներսես Պողոսյանը հայտարարություն արեց, որ մեղարդող դատախազի կարծիքը և դատարանի կայացրած որոշումը ճիշտ չեն, արդարացի չեն, և փաստացի իր նկատմամբ հետապնդում են իրականացնում, անտեսելով այն փաստը, որ ինքն ունի երեք փոքրահասակ երեխա, վատառողջ մայր, կին՝ իր խնամքին, և մեկ տարի չորս ամիս իր ընտանիքը զրկված է նյութական որևէ միջոցներից, ինքը միակ կերակրողն էր։ Հաշվի առնելով, որ իր նկատմամբ հետապնդումը շարունակվելու է և ինքը մնալու է անազատության մեջ, նա հայտարարեց անժամկետ հացադուլ հենց նիստի ժամանակ»․- պատմեց Արայիկ Պապիկյանը։

Տեղեկացնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ներսես Պողոսյանը հացադուլ է հայտարարել։ Ի դեպ, փաստաբանը պատմեց, որ այսօր դատարանը սանկցիա է կիրառել դատախազներից մեկի նկատմամբ․ «Ըստ էության այդ հարցերի քննարկումն ավարտվել էր, մեղադրող դատախազ Պետրոսյանն ինչ-որ արտահայտություն արեց Ներսես Պողոսյանի հասցեին, մոտավորապես՝ արա ինչ ես խոսում, բարձրաձայն խոսա, դիմելով արա-ով։ Ներսեսն էլ բնականաբար հակազդեց, ասաց՝ արա-ն դու ես։ Դատավորը սանկցիա կիրառեց դատախազի նկատմամբ, ու այդպես նիստ ավարտվել է»։

Ներսես Պողոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը։

Մեկնաբանություն
X