Ես իմ պատիժը կրել եմ, վերադարձել եմ․ Վազգեն Խաչիկյան

Օրերս հայտնի դարձավ, որ պատժի լրիվ կրումից ազատվել է12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանը։ Նրան Սերժ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել։ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահը, որը նաև անցյալում է թողել Հանրապետական կուսակցության «դրոշմը», քաղաքականությամբ չի զբաղվելու, թերևս դեռ չի զբաղվելու, 5 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո Վազգեն Խաչիկյանը պետք է դեռ հետևի առողջությանը, համենայնդեպս մեզ այդպես ասաց:

Պարոն Խաչիկյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ ազատ արձակվելուց անմիջապես հետո եկել եք նախագահական՝ Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնելու․ «Բնականաբար ոչ, ես այս պահին Ախթալայում եմ, ավելին, շուտով միջոցառում կլինի, որին լրատվամիջոցներ են լինելու և իմ լուսանկարները կտեսնենք։ Ես որևէ հարցի շուրջ, քանի որ ինքս հրապարակային մարդ չեմ, հարցազրույցներ չեմ տալիս, առավել ևս հեռախոսով։ Կան լրագրողներ, որ զանգում են, սենսացիաներ են փնտրում, ինչպես փոթորիկ մի բաժակ ջրում։ Հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ հետաքրքիր է, բայց ես իմ պատիժը կրել եմ, վերադարձել եմ բնականոն կյանքիս։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիներին այս ընթացքում եղել են իմ ընտանիքի կողքին, իմ կողքին։ Շնորհակալ եմ նաև երկրի ղեկավարությանը՝ անձամբ նախագահին։ Եվ ընդամենն այսքանը, որևէ հանդիպում ո՛չ իմ նախաձեռնությամբ, ո՛չ իրենց նախաձեռնությամբ չի եղել, ծրագրված չի»։

Հիշեցնենք, որ մոտ 2 տարի տևած դատավարության ավարտին Վազգեն Խաչիկյանն այդպես էլ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա հաջորդ շաբաթ Երևանում կլինի և կպատասխանի «Հրապարակի» հարցերին։

Վազգեն Խաչիկյանի և 12-ի դատական գործը

Կենսաթոշակների ոլորտում խախտումների սկանդալի հոտը գալիս էր դեռ 2010 թվականին, քրեական գործ հարուցվեց մեկ տարի անց, իսկ Խաչիկյանը ձերբակալվեց 2012 թվականին սեպտեմբերի 28-ին։ Մեղադրանքն առաջադրվել էր քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը՝ «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը՝ «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչպես նաեւ 314-րդ հոդվածը՝ «պաշտոնեական կեղծիքը»: Խաչիկյանի հետ միասին դատարանում հայտնվեց թվով 12 անձ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ կազմակերպված խմբի անդամները, պայմանավորվածության համաձայն, հետևելով նախապես կատարված դերաբաշխմանը՝ Վազգեն Խաչիկյանի կազմակերպմամբ ու անմիջական ցուցումներով կենսաթոշակառուների վճարային շտեմարանից ընտրել են երկար տարիներ կենսաթոշակ չստացած՝ ՀՀ տարածքից բացակայող կամ իրականում մահացած, ինչպես նաև գոյություն չունեցող կենսաթոշակառուի տվյալները։ 2 երկար և ձիգ տարի տևած դատավարության ընթացքում Վազգեն Խաչիկյանը հաճախ գրքերով էր ներկայանում դատարան՝ «Շախմատ սկսնակների համար», «Իմաստախոս ժողովուրդը» հայերեն-անգլերեն ասացվածքներ և այլն։ Իսկ երբ դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, ընդ որում, անձնական գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 մլն դրամի չափով, հայտարարեց, որ այդ ամենից հաշվեհարդարի հոտ է գալիս։ Եվ ամենակարևորը, Վազգեն Խաչիկյանի և մյուս ամբաստանյալի գործունեության հետևանքով պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ էր յուրացվել։ Ի դեպ, Խաչիկյանի հետ միասին ամբաստանյալի աթոռին նստած անձանց մեծ մասը նույնպես մեղավոր են ճանաչվել հանցագործության մեջ, սակայն նրանցից 8-ի նկատմամբ որոշվեց պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ մյուսները ազատության մեջ են, քանի որ լրացել է պատժի չափը:

Ընդգծենք նաև, որ Վազգեն Խաչիկյանի ազատ արձակումը հանրության շրջանակներում հարց է առաջացրել՝ փոխհատուցե՞լ է արդյոք գումարները, այս և այլ հարցի պատասխանները Խաչիկյանը խոստացել է տալ առաջիկայում:

Մեկնաբանություն
X