«Մուլտի Գրուպ»-ում ստուգումները քաղաքականացնելը արդարացված չէ. Ծառուկյանի խոսնակ

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող բազմաթիվ ձեռնարկություններում Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում: «15 օր առաջ տեղեկացվել է, որ ՊԵԿ-ը պետք է ստուգումներ սկսի, ընթացիկ ստուգումներ են, մեծ ծավալով ընթանում են, բայց այս ամենը փորձել կապել քաղաքականության հետ, արդարացված չէ»,- ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՊԵԿ-ը հայտարարություն կտարածի, որ «Մուլտի Գրուպ»-ում հերթական ստուգումներն են ընթանում, պետք չէ դրանք քաղաքականացնել:

Նշենք, որ մամուլում հրապարակումներ կային,թե Ծառուկյանը խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել վարչապետ Կարեն Կարապետյանին ու քննադատել որքան կարող են: Պատճառն էլ, ըստ նույն տեղեկությունների այն է, որ Կարեն Կարապետյանը խիստ բացասական է վերաբերվել ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարին:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ հարկային ստուգումների պատճառը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երեկվա հայտարարությունն էր, որով նախարարը փորձել էր կասկածի տակ դնել մեծ բարերարի ու ազգասերի համարում ունեցող Սամվել Կարապետյանի բարի համբավը։ Ռոստոմյանը խոսելով Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Սամվել Կարապետյանի հրաժարականի և դրանից հետո ստեղծված վիճակի մասին՝ ասել էր. «Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը և թե՛ ըմբշամարտը որևէ խնդիր չունեն»:

Մեկնաբանություն
X