Հայաստանի ու հայության սիմվոլը

Հերթական պաշտոնական պատվիրակությունն է ժամանել Հայաստան։ Լրահոսում մի աննշան տեղեկատվություն աչքի զարնեց․ «Երեւանում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները»: Ոչ ոք թերեւս չի հիշում, թե որ պահից եւ ում թեթեւ ձեռքով Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելը ներառվեց պաշտոնական արարողակարգում, եւ այլեւս որեւէ այցելություն առանց այդ պարտադիր ծեսի չի անցնում։ Մենք հետեւողականորեն, մտածված՝ Հայաստանի ու հայության սիմվոլը դարձրինք Մեծ եղեռնը եւ Ծիծեռնակաբերդի համալիրը։ Ստիպեցինք, որ ցանկացած մարդ, ով այցելում է Հայաստան, սգավոր ու կարեկցող տեսքով քայլի մեզ համար նվիրական այդ ճանապարհով, որով մենք անցնում ենք ապրիլի 24-ին, ծաղիկներ դնի համալիրի պատին կամ անմար կրակի մոտ եւ համարի, որ հարգանքի տուրք է մատուցել մեր ազգին եւ մեր պատմությանը։ Հետո, հեռանալով Հայաստանից, մշտապես հիշի, որ մենք ցեղասպանված ազգ ենք՝ խեղճ ու սգակիր։ Որքան էլ փորձեն հիմնավորումներ գտնել այս արարողակարգն ավանդույթի վերածողները, ես հրաժարվում եմ հասկանալ տրամաբանությունը։ Մի՞թե մենք այլազգիներին ցուցադրելու այլ բան չունենք։ Չէ՞ որ Էջմիածին ու Գեղարդ ունենք, Սեւան ու Հաղպատ, Մատենադարան ու Էրեբունի։ Մի՞թե խելամիտ է մեր ազգի հետ նման ասոցիացիաների ստեղծումը։ Էլի պատմենք ու ներկայացնենք Ցեղասպանությունը, բայց պաշտոնական արարողությունների մաս դարձնելն ի՞նչ իմաստ ունի։

Մեկնաբանություն
X