Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Շռայլ տոներ

«Ժողովուրդը» գրում է. «Հաջորդ տարի կլրանա Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Իշխանությունները որոշել են մայրաքաղաքի հիմնադրման օրը որքան հնարավոր է՝ ճոխ տոնեն. Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որն էլ այս մեկ տարվա մեջ զբաղվելու է միջոցառումների նախապատրաստմամբ ու կազմակերպմամբ: Իսկ թե որքան գումար է ծախսվելու, պարզ կդառնա հաջորդ տարի: Բայց ի սկզբանե դժվար չէ կռահել, որ ե՛ւ պետական, ե՛ւ համայնքային բյուջեից միջոցներ չեն խնայի այդ նպատակով: Մանավանդ, որ մայրաքաղաքի օրը որոշել են բավական ճոխ տոնել նաեւ այս տարի. արդեն հայտարարվել է, որ համայնքային բյուջեից այդ նպատակով ծախսվելու է 80 մլն դրամ կամ մոտ 165 հազար դոլար: Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն երրորդ քաղաքացին պաշտոնապես համարվում է աղքատ, որտեղ իշխանությունները բանակի կարիքները հոգալու համար ստիպված են յուրաքանչյուրի աշխատավարձից 1000-ական դրամ վերցնել, մեկ օրվա միջոցառումների համար 80 մլն դրամ ծախսելը, համաձայնեք, ահավոր մեծ շռայլություն է: էլ չենք խոսում այն մասին, որ նույն Երեւանն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ Երեւանը միայն քաղաքի կենտրոնը չէ, այլ նաեւ արվարձաններ են, իսկ քաղաքի ծայրամասերը խնամքի լուրջ կարիք ունեն: Այնպես որ, այս գումարի մի մասը կարելի էր ծախսել հենց այդ նպատակով: Բայց քաղաքային իշխանություններն այդպես չեն մտածում, եւ, ընդհանրապես, նման բաների վրա նրանք ուշադրություն չեն դարձնում. նրանց ավելի շատ հետաքրքրում են տեսարանները, զվարճանքը, եւ հետո՝ նման միջոցառումները միշտ էլ «ատկատի» ու այդպես գումար վաստակելու լավագույն հնարավորությունն են, եւ ուրեմն ինչո՞ւ հրաժարվել դրանցից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X