Մամուլի տեսություն

«Հրապարակ». Խնդիրը Մինասյանի հայացքներն են

Մամուլը շարունակում է քննարկել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում դեսպան նշանակվելու հարցը։ Դեռ 4 ամիս առաջ Վրաստան ուղարկված ագրեմանի պատասխանը ոչ մի կերպ չի գալիս, ինքը՝ Մինասյանը, օրեր առաջ մեզ ասել էր, թե մինչեւ օգոստոսի վերջ նորություն կլինի։ Երեկ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Վրաստանում ԱԺ պատվիրակության անդամները փորձել են ճշտել, թե ինչ նորություն կա Մինասյանի ագրեմանից, սակայն Վրաստանի ԱԳ նախարարը չլսելու է տվել հարցը։ Մամուլում գրվել է նաեւ, որ ուշացման պատճառը «Կովկաս» ինստիտուտի պրոռուսական լինելն է։ Սակայն իրականում խնդիրը ոչ թե ինստիտուտի հետ է կապված, այլ հենց Մինասյանի։ Վրացական իշխանությունն ուշիուշով ուսումնասիրել է ծնունդով ջավախքցի Մինասյանի ելույթներն ու հարցազրույցները եւ դրանցում գտել իր համար անընդունելի բաներ, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Ջավախքի հետ կապված։ Իսկ պաշտոնական Թբիլիսին հակված չէ դեսպանի պաշտոնում տեսնել մեկին, ով չի թաքցնում իր պրոռուսական հայացքները։ Դեռ ամիսներ առաջ, երբ նոր-նոր էր քննարկվում դեսպանին փոխելու հարցը, Թբիլիսիից ակնարկել էին, որ ուրախ կլինեին իրենց մոտ տեսնել Հերմինե Նաղդալյանին՝ ԱԺ նախկին փոխխոսնակի կարգավիճակով պայմանավորված։ Սակայն ՀՀ իշխանությունը որոշել է առաջ մղել Մինասյանին։ Ի դեպ, դիվանագիտության մեջ հազվադեպ է պատահում, որ տվյալ երկրից ուղարկված ագրեմանը չընդունվի՝ դրա համար լուրջ պատճառ պետք է լինի։ Բայց նաեւ հազվադեպ է լինում, որ ագրեմանն ուղարկող պետությունը հաշվի չառնի դեսպանին հյուրընկալող երկրի ցանկությունները։ Թե ինչպես կլուծվի այս դիվանագիտական սկանդալը, հայտնի չէ։ Չի բացառվում, որ Հայաստանը հասնի Մինասյանի նշանակմանը, բայց պարզ չէ, թե ինչպես է նա աշխատելու իրեն չընդունող իշխանությունների հետ։

Մեկնաբանություն
X