Քաղաքականություն

«Ծեր» մարզպետին եկավ փոխարինելու «թափանցիկ» մարզպետը

Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը, պարզվում է, Հայաստանի ամենաբաց ու թափանցիկ աշխատող պաշտոնյաներից է։ Տակավին 3-4 ամիս առաջ՝ հունիսի 8-ին, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին կրկին ՀՅԴ քվոտայով փոխարինած Խաչատրյանն ամենահասանելին է լրագրողների համար, երբ զանգում են՝ հոժարակամ պատասխանում է զանգերին։ Մարզպետարանն էլ է նույն ոճը որդեգրել։ Համենայնդեպս, այդպես ներկայացրին մեզ։ Դրա համար էլ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» որոշեց այս տարի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ պաշտոնյաներից հենց նրան արժանացնել «ոսկե բանալու»։ Ինչպես մեզ համար էր անսպասելի այս մրցանակը, այնպես էլ Արթուր Խաչատրյանի, ով մրցանակն ստանալիս խոստովանեց դա։ Փորձեցինք մեր եւ նրա զարմանքը փարատել՝ մի քանի հարց ուղղելով շիրակցի մարզպետին։ Նա էլ, որպես թափանցիկության ապացույց, չզլացավ եւ իր հեռախոսահամարը տվեց մեզ։ Բայց երբ հասանք քաղաքական բնույթի հարցերին, մարզպետի՝ հարցերին բաց ու թափանցիկ պատասխանելու «տաղանդը» մի փոքր խամրեց։

«Ինչո՞վ էր անսպասելի։ Այսպես ասեմ, ես՝ անձամբ, խորապես համոզված եմ, որ պետք է թափանցիկություն ապահովել, կարողանաս քո աշխատանքը ճիշտ լուսաբանել, ցույց տալ մարդկանց, մյուս կողմից՝ կարողանաս նաեւ մարդկանց լսել, որովհետեւ, եթե դուռը փակ է լինում, մարդկանց զգալի մասն ինչ ասես մտածում է»,- իր մրցանակը փորձեց հիմնավորել դաշնակցական մարզպետը։

- Այսինքն՝ ավելի շատ Ձեր այս համոզմունքի՞ համար են տվել։

  • Դե, տվել են բաց աշխատելու համար, որն իմ համոզմունքի արդյունքն է։

- Այս 3-4 ամսվա ընթացքում այդ բաց ու թափանցիկ աշխատանքով ե՞րբ եք աչքի ընկել, շատ պաշտոնյաներ տարիներով աշխատում են, էլի չեն կարողանում այդ տաղանդը բացահայտել իրենց մեջ։

  • Առաջին օրվանից։ Այսինքն՝ առաջին ասուլիսը մամուլի հետ, նրա հետ բաց աշխատելով, նամակներին, հարցերին պատասխանելով, որեւէ հարցից չփախչելով։

- Ռեկորդ եք խփել, փաստորեն, 3 ամսում բաց ու թափանցիկ պաշտոնյայի համարում վաստակեցիք՝ գերազանցելով Ձեր մյուս գործընկերներին։

  • Ուրեմն տենց, փաստորեն։ Ես կարծում եմ, որ բավականաչափ թափանցիկ եմ աշխատել, հետեւել եմ նաեւ այլոց աշխատանքներին եւ կարող եմ ասել, որ մենք մի քիչ ավելի թափանցիկ, ավելի բաց ենք եղել։

- Ի դեպ, Ձեր նշանակումն էլ էր անսպասելի, քանզի այդպես էլ չհասկացանք՝ Հովսեփ Սիմոնյանն ինչո՞վ չարդարացրեց Դաշնակցության հույսերը, որ որոշեցին նրան ազատել եւ Ձեզ նշանակել։

  • Նախ՝ դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է, դա կուսակցության պատասխանատու կամ իրավասու անձանց կողմից կայացված որոշում էր։ Չբավարարելու խոսք, որեւէ պրետենզիա չի եղել, եղել է սերնդափոխության կարիք, մի քիչ այլ ոճի մարզպետ նշանակելու հրամայականով։

- Քանի՞ տարեկան եք, կներեք։

  • 45։

- Այդքան շա՞տ էր տարբերությունը Ձեր եւ Սիմոնյանի միջեւ (նա 56 տարեկան է), թե՞ որոշել էին մեկ տարի անց «տարեցներից» ազատվել։

  • Չէ, տենց բան չկա՝ տարեցներից ազատվել եւ այլն։ Խոսքը, ես էլի եմ ասում, գնացել է մի քիչ այլ մոտեցումներ ունեցող մարդկանց նշանակելու ուղիով՝ թե՛ Արագածոտնի մարզում, թե՛ Շիրակի մարզում։

- Իսկ մեկ տարի առաջ պատկերացում չունեի՞ն այդ մասով, որ կարող է սերնդափոխության խնդրի առաջ կանգնեն։

  • Հարցեր եք տալիս, որոնց պատասխանելու իրավասությունը կուսակցության ղեկավարությանն է։

- Զուտ տրամաբանորեն նայենք․ ասում եք՝ սերնդափոխության կարիք կար, Ձեզնից առաջ եղած մարզպետն ինչ-որ հարցերում, տարիքով պայմանավորված՝ ինչ-ինչ թերացումներ թույլ տվե՞լ է, որ տեսան մեծ մարդ է, չի կարողանում աշխատել, Դուք կկարողանաք։

  • Չէ, էդպես չէ, գուցե մոտեցումների տարբերություն էր, ես մի քիչ այլ ոճի եմ աշխատել, պարոն Սիմոնյանը՝ մի քիչ այլ ոճով։ Հովսեփի հետ մենք մոտիկ ընկերներ ենք, շատ հարցերում, որ տեղեկատվության կամ խորհրդի կարիք է լինում, ես, իհարկե, նրան դիմում եմ, ինքն էլ ինձ միշտ սիրահոժար պատասխանում է։ Բայց հարցը, որ Դուք ուզում եք տալ, էլի եմ ասում՝ դրա հասցեատերը ես չեմ։ Դուք նույն հարցը փորձում եք 15 ձեւով տալ, բայց պատասխանն էլի նույնն է լինելու։

- Լավ, այլ հարց տամ՝ Ձեր աշխատաոճի փոփոխությունն զգացվո՞ւմ է մարզում՝ դրական առումով։

  • Դե, տեսեք, 3 ամսվա ժամկետը, իհարկե, մի քիչ կարճ ժամանակ է, որ ասեմ՝ դրական փոփոխություն մարզի միջին բնակչի վրա երեւում է։ Բայց միայն այն պատճառով, որ ես ավելի բաց եմ, մենք մի քիչ ավելի ազատ ենք շփվում թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների հետ, մարզպետարանի աշխատանքի մոտեցումներն են մի քիչ փոխվել…

- Նախորդը բա՞ց չէր։ Ես հիշում եմ, որ պարոն Սիմոնյանն էլ, երբ զանգում էինք, հոժարակամ պատասխանում էր։ Շատ բաց պաշտոնյա էր։

  • Լավ էր անում։ Դրա համար, էլի եմ ասում, Դուք նույն թեմայի մասին հարցը 25-րդ անգամ եք տալիս՝ տարբեր ձեւով (քիչ առաջ 15-րդ անգամն էինք տալիս՝ Վ․ Մ․)։ Պատասխանը՝ ուրիշ է։

- Ես պարզապես ուզում եմ տարբերությունը հասկանալ։

  • Տարբերությունն ակնառու է, Ձեր աչքի առաջ դրված է, կարող եք ինքներդ գնահատել, նշում եք, որ իմ աշխատանքը բաց է, Հովսեփի աշխատանքը բաց է։ Կարող եք բացել, Ձեր սեփական վերլուծությունն անել։

- 2018-ին նոր կառավարություն է ձեւավորվելու՝ Սահմանադրության պահանջով։ Հնարավո՞ր է փոփոխություն լինի Ձեր մասով, եւ նորից փոխեն Շիրակի մարզպետին։

  • Էդ հարցի հասցեատերը դարձյալ ես չեմ։ Ես պատրաստ եմ պատասխանել այն հարցերին, որոնք իմ իրավասության ներքո են գտնվում։ Ինչ կլինի վաղն աշխարհում՝ որեւէ մեկը չգիտի։ Մենք չգիտենք՝ դուրս գանք փողոց, ինչ կլինի։

- Կարծես փորձադաշտ լինեն այս պաշտոնները քաղաքական ուժերի համար։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ինչ-որ մարդկանց պաշտոն են տալիս, հետո անսպասելի ազատում, եւ հանրությունը չի հասկանում՝ ինչո՞վ էր այսինչը լավը, որ նշանակեցին, կամ ինչո՞վ էր վատ աշխատում, որ ազատեցին։

  • Կոնկրետ ինչ վերաբերում է Հովսեփ Սիմոնյանի հարցին, դրա վերաբերյալ բազմաթիվ անգամներ կուսակցության կողմից տրվել է բացատրություն։ Կան քաղաքական պաշտոններ, կան հայեցողական պաշտոններ, օրենքի սահմաններում քաղաքական իրադարձության փոփոխության դեպքում տեղի են ունենում նաեւ կադրային փոփոխություններ։ Քաղաքական կուրսի մի փոքր տեղաշարժի դեպքում էլ, բնական է, որ առաջանում են պաշտոնական տեղաշարժեր։ Դա նորմալ պրոցես է։

- Հանրությունը դրանից շահո՞ւմ է։

  • Իսկ հանրության շահն ինչպե՞ս պետք է չափել եւ գնահատել։

- Տվյալ պաշտոնյայի արդյունավետ աշխատանքով։ Օրինակ, հանրությունը գնահատում է, որ իքս պաշտոնյան մեկ տարի շարունակ քիչ թե շատ արդյունավետ աշխատել է, ու հանկարծ, ինչ-որ քաղաքական շահերից ելնելով՝ նրան հանում են…

  • Քաղաքական շահից ելնելով՝ նման բան չկա։ Կան քաղաքական ուժեր, որոնք երկրի քաղաքական դերակատարներն են։ Քաղաքական խնդիրների, պայմանավորվածությունների արդյունքում նորմալ է, որ տեղի են ունենում կադրային փոփոխություններ։ Իսկ ի՞նչն է աննորմալ։

- Աննորմալ է այն, որ մենք չենք հասկանում փոփոխությունների տրամաբանությունը։ Օրինակ՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից առաջ ԱԻՆ-ն ու տարածքային կառավարման նախարարությունը միասին էին, օպտիմալացում էր տեղի ունեցել, կոալիցիայից հետո ՀՅԴ-ին պորտֆել տալու համար առանձնացան։

  • Ոչ, տենց բան չկա։ Կար տարածքային կառավարման նախարարություն, հիմա կա տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն։ Գործառույթները փոփոխվել են։ Բացեք երկու տարի առաջվա նախարարության կանոնադրությունը, համեմատեք այսօրվա նախարարության կանոնադրության հետ եւ կտեսնեք տարբերությունը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X