Ըստ ՄԱԿ-ի` 2050թ. 10 տոկոսով Հայաստանում կաճի տարեցների թիվը

Աշնան երկրորդ ամսվա առաջին օրը՝ հոկտեմբերի 1-ը, արդեն 25 տարի է, ինչ նշվում է որպես տարեցների միջազգային օր: Եվ այդ օրն էլ ստիպված ենք հիշել ու արձանագրել հերթական անգամ, որ մենք ծերացող երկիր ենք:

Այսօր տարեցների օրվան ընդառաջ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանը:

Տարեցների մասին ներկայացրած նրա վիճակագրությունը հուսադրող չէ: 63 եւ ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը ՀՀ-ում կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը (մոտ 387 600 մարդ): 65 տարին լրացած անձանց թիվը կազմում է 323 000 կամ բնակչության ընդհանուր թվի 10,8 տոկոսը: Իսկ Հայաստանում ապրում է 100 տարին լրացած 85 մարդ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներն էլ լավատեսական չեն: 2050 թ. ՀՀ-ում 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն 22-23 տոկոս:

Հայաստանում գործում է տարեց եւ, կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), այդ թվում՝ 7 ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին խնամվում է շուրջ 1380 մարդ, իսկ տնային պայմաններում սպասարկվում՝ շուրջ 4000 մարդ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ են հաճախում՝ 2030-ը: Իսկ ամբողջ հանրապետությունում առկա 4 սոցիալական տներում բնակվում եւ ծառայություններ է ստանում 60 տարեց անձ:

Պետական բյուջեից էլ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող երկու հասարակական կազմակերպություն:

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել իրավական դաշտում տարեցների խնդիրները լուծելու համար: 2016թ. Հայաստանի մարզերում եւ Երեւան քաղաքում անցկացվել է տարեցների սոցիալական կարիքների գնահատման եւ սոցիալական ծառայություններ տրամադրելու նոր մոդելների նկատմամբ նրանց պահանջարկի ուսումնասիրություն:

2017թ. սկսվել է խնամքի ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հավաստագրման գործընթացը, ինչն էլ նպաստում է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Իսկ այս տարի էլ կառավարությունը հավանության է արժանացրել ԯԾերացման հետեւանքների հաղթահարման եւ տարեցների հիմնահարցերի լուծման ռազմավարությունը եւ դրա իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրԯ Սպասենք ու տեսնենք, թե ինչ կփոխի այդ ծրագիրը տարեցների կյանքում:

Մեկնաբանություն
X