Նախարարությանը կպատժենք այլ մեխանիզմներով

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ սեպտեմբերի 22-ին կազմակերպած քննարկումն իրարանցում առաջացրեց լրատվական դաշտում։ ԻԱԿ-ը հրապարակել էր արդարադատության նախարարության կողմից մշակվող «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների սեւագիր տարբերակը, որում մի շարք խնդրահարույց դրույթներ կային։ Մասնավորապես, տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն: Կամ՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, կամ եթե տվյալ կառույցը 50-ից քիչ աշխատակից ունի: ԻԱԿ-ը, հրապարակելով այս ամենը, իրականում բացահայտեց նախարարության դավադիր պլանները մեր դեմ։ Հակառակ դեպքում չէր բացառվում, որ այս նախագիծն էլ կարող էր անաղմուկ անցկացվել, ինչպես եղավ, երբ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից հանեցին լրագրողների օգտին գրված մի դրույթ։

Բարձրացված աղմուկից մի քանի օր անց արդադատության նախարարությունը հայտարարեց, թե իրենք պատրաստի նախագիծ չեն դրել քննարկման, սա սոսկ սեւագիր տարբերակն է եղել, եւ չգիտեն, թե ինչպես է դա հայտնվել ԻԱԿ ղեկավար Լիանա Դոյդոյանի ձեռքում։ Կարճ ասած՝ նախարարությունը որոշեց մեղքն իր վրայից գցել։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ անթույլատրելի համարեց իր անունից որեւէ բան հանրայնացնելն ու քննարկման դնելը՝ նշելով, թե ԻԱԿ կողմից քննարկման դրված այդ նախագիծն ունի «որոշ չափով անհայտ ծագումնաբանություն»։ Բայց՝ որոշ չափով։ Հարությունյանի խոսքով՝ դա ընդամենը եղել է աշխատանքային խմբում հնչած տարբեր տեսակետների հավաքածու, որը դեռ վերջնական տեսքի բերված չէ։ Ավելին՝ որոշ դրույթների հետ ինքն էլ համամիտ չէ։ Ստացվում է, որ նախարարությունից աշխատանքային ինչ-որ նախագիծ է դուրս սպրդում, այսպես կոչված՝ սլիվ են անում, որից անգամ նախարարը տեղյակ չէ, եւ հիմա բարոյախրատական բնույթի անհասցե ակնարկներ են անում «սեւագիրը» հանրայնացնելու վերաբերյալ։ Իսկ ո՞վ է դա ուղարկել Լիանա Դոյդոյանին եւ ինչո՞ւ։

««Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկվել է աշխատանքային կարգով մի տարբերակ, որի շուրջ խնդրել են հայտնել կարծիք։ Ուղարկել է նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի աշխատակիցը՝ Քրմոյանի ցուցումով»,- ասաց Լիանա Դոյդոյանը, ով նախօրեին անցկացնում էր «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Դրանով «ոսկե բանալի» են տալիս այն կառույցներին, որոնք լավագույնս օգտագործում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ու պահպանում այն, եւ «ժանգոտ կողպեք»՝ այն կոպտորեն խախտողներին։

- Իսկ ինչո՞ւ է այդ դեպքում Քրմոյանն ասում, թե դա ընդամենը սեւագիր է եղել, եւ իրենք կապ չունեն։

  • Հա, սեւագիր է եղել, ինձ ասել են՝ աշխատանքային քննարկում է։ Հիմա ես ասեմ սիտուացիան։ Մենք գնահատում ենք գործընթացը։ Երբ տեսնում ենք, որ գործընթացը վտանգավոր միտումներ է ստանում, մենք չենք կարող լռել։ Դա կապ չունի՝ աշխատանքային է, ներքին է, թե ինչ է, երբ որ ես ունենում եմ մի փաստաթուղթ, որտեղ սահմանափակումներ կան, ես չեմ կարող չկանչել մյուս շահագրգիռ կազմակերպություններին եւ դնել սեղանին, ասել՝ տեսեք, թե ձեզ ինչ է սպասվում, մեզ՝ բոլորիս։ Այն դեպքում, երբ որ նախարարության հետ մենք աշխատում ենք, 40-ից ավելի առաջարկներ ենք ուղարկում նախարարությանը, իսկ նախարարությունը 5-6 ամիս շարունակ լռում է եւ որեւէ պատասխան չի տալիս, թե էդ առաջարկներն ինչ ճակատագիր ունեցան։ Ես էլ այդ լռությունից հետո դա դնում եմ հանրային քննարկման՝ թեկուզ սեւագիր տարբերակով։

- Ձեր քույրը՝ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, այս ամենում որեւէ մասնակցություն ունեցե՞լ է։

  • Չեմ մեկնաբանում այդ հարցը որեւէ ձեւով։ Զանգեք իրեն։

- Իսկ այս վտանգավոր դրույթների վերաբերյալ Ձեր կարծիքը հայտնե՞լ եք իրենց։

  • Այո, գրավոր հայտնել ենք, դրանք տարբերակներ են եւ չեն ընդունվելու հաստատապես, որովհետեւ քաղհասարակությունը համառ է եւ հետեւողական։ Չի կարող նման բան լինել։ Որեւէ առաջատար օրենք, որը նման սահմանափակումներ է մտցնում, դա արդեն հետընթաց է։ Նախ առաջնահերթ պիտի նախարարությունը մասնակցային դարձնի գործընթացը, եւ քաղհասարակության հետ տառ առ տառ, տող առ տող աշխատեն, մշակեն նախագիծ։ Էդպես չի լինի, որ նախարարությունն ինչ-որ բաներ մոգոնի, չգիտես ովքեր աշխատեն օրենքի վրա ու հրամցնեն որպես նախագիծ։ Մեր պահանջն ի սկզբանե եղել է՝ ստեղծեք աշխատանքային խումբ, նստենք՝ աշխատենք։

- Դավիթ Հարությունյանն ասում է, որ կստեղծեն այդ աշխատանքային խումբը։

  • Ե՞րբ պիտի ստեղծեն։ Մարտին հանձնարարականը կար, e-draft.am-ում կախվեց եւ հենց կախվեց, մենք առաջին գրավոր առաջարկն ուղարկել ենք մարտ ամսին, որ ստեղծենք աշխատանքային խումբ։ Որեւէ արձագանք դրան չի եղել։

- Ըստ Ձեզ՝ չարժե՞ր արդարադատության նախարարությանը, որպես «նվեր», «ժանգոտ կողպեքի» արժանացնել հենց սրա համար։

  • «Ժանգոտ կողպեքի» չէինք կարող, որովհետեւ դա «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման դեպք չէ։

- Դա խախտման դեպք չէ, իհարկե, բայց գոնե նույն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն այս ձեւով փոխելու ցանկության համար չարժե՞ր «պատժել» նրանց։

  • Պատժելը՝ կպատժենք, ա՛յլ մեխանիզմներով։

- Ի դեպ, Դուք նախանցած տարի հենց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին էիք «ոսկե բանալի» տվել։

  • Այո, որովհետեւ ընդունվեց կառավարության մի որոշում, որով բարեփոխումներն սկսվեցին հենց էդտեղից։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ընդունվեց մի որոշում, որը 13 տարի շարունակ չէր ընդունվել։ Օրենքը պարտադրում էր, որ կառավարությունը պիտի ընդունի տեղեկությունների տրամադրման որոշում, 13 տարի չէին ընդունել ու հիմնականում մերժում էին դրա պատճառով, որովհետեւ այդ որոշումը չկար։ Աշխատեցինք միասին, շատ լավ էր, գնահատեցինք որպես բարեփոխում՝ ոչ միայն մենք, որովհետեւ ահագին լավ դրույթներ, հատկապես էլեկտրոնային հարցումների հարցը, լուծվեցին դրանով։ Դրա համար ոգեւորեցինք՝ տվեցինք։

- Հիմա չե՞ք փոշմանել դրա համար։

  • Ոչ։ Ինչի համար որ տվել ենք, այդ ժամանակ ճիշտ ենք արել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X