Սպասենք սրացումների՞

Տեւական դադարից հետո հակառակորդի ռազմական գերատեսչությունը վերսկսել է ամենօրյա «ճակատային ամփոփագրերի» հրապարակումը: Դրանք ստանդարտ տեքստեր են, որտեղ խոսվում է հայկական ուժերի կողմից «խոշոր տրամաչափի գնդացիրներով ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու» մասին: Ընդ որում՝ հաղորդագրությունների աշխարհագրությունն սկսվում է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածից եւ հասնում մինչեւ Արաքսի ափ՝ Կարախանբեյլի-Հորադիզ: Զոհերի եւ կորուստների մասին ոչինչ չի ասվում, ինչից հասկացվում է, որ այդ «ամփոփագրերը» տարածվում են բացառապես քարոզչական նկատառումներով: Հատկանշական է, որ վերջին օրերի հաղորդագրություններում ադրբեջանական կողմը մոռացել է խոսել «ձեռնարկված պատասխան քայլերի» եւ «հակառակորդի կրած նշանակալի կորուստների» մասին, մի բան, որ նախկինում առանձնահատուկ շեշտադրությամբ ընդգծվում էր: Զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Եվ հարց է ծագում, թե ինչու են Բաքվում ամեն կերպ հակառակը ներկայացնում: Հնարավոր է, որ դա արվում է սեփական հանրությանը միշտ «զգաստ» վիճակում պահելու նպատակադրվածությամբ:

Իշխանություններին, անշուշտ, ձեռնտու է մարդկանց անընդմեջ հիշեցնել, որ «պատերազմը դեռ չի ավարտվել»: Մյուս կողմից՝ հակառակորդի նման պահվածքը կարելի է բացատրել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միլիտարիստական նոտաները թարմ պահելու մարտավարությամբ: Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի սկզբներին Երեւան եւ Բաքու են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք տարածաշրջան են ժամանում, որպեսզի նախապատրաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս առթիվ նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից: Միջնորդները հույս ունեն, որ հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության կայացմանը, ինչը թույլ կտա առկախ մնացած հարցերի շուրջ գալ փոխզիջումային համաձայնության: Պաշտոնական Բաքուն, ինչպես կրակից, խուսափում է կողմերի միջեւ վստահության մասին որեւէ առաջարկությունից: Ադրբեջանին ձեռնտու չէ Սարգսյան-Ալիեւ հավանական հանդիպման օրակարգը: Եվ, ըստ երեւույթին, Բաքվում որոշել են շփման գծում իրավիճակ սրել: Մի քանի օր առաջ ավարտված զորավարժությունների ամփոփման նպատակով հրավիրված կոլեգիայի ընդլայնված նիստում հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավարը բաց տեքստով առաջնագծի զորամիավորումների հրամանատարներին ցուցում է տվել «ոչ մի րոպե հանգիստ չտալ հայերին, մշտապես պատրաստ լինել լայնածավալ մարտական գործողությունների»:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X