Նախագահը ոչ իմ, ոչ էլ Դանիելյան Արամի նվերի կարիքը չունի.Կովալենկո Շահգալդյան

Օրեր առաջ մամուլում գրվեց, որ Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից՝ մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում: Մամուլի այս հրապարակման մասին Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Սովորաբար ժողովրդական խոսք կա՝ ստի մեջ գոնե 1 տոկոս պետք է ճշմարտություն լինի: Դա բացարձակ հերյուրանք է: Ես այդպիսի մտադրություն չեմ ունեցել, չունեմ եւ չեմ էլ ունենալու»:

Կովալենկո Շահգալդյանը 1999թ.-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ քաղաքապետ, մարզպետ, վարչապետի խորհրդական: Տղան՝ Հակոբ Շահգալդյանը ՀՀԿ-ի «դաբրոն» ունի համայնքի ղեկավարի առաջիկայում կայանալիք ընտրություններին:

Վերջին շրջանում Կոտայքի մարզում խոսակցություններ են պտտվում, որ Կովալենկո Շահգալդյանը եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը երկրի նախագահին թանկարժեք նվեր են արել եւ որի համար էլ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը տարիներով պաշտոն են զբաղեցնում: Թե որքանո̉վ են խոսակցությունները համապատասխանում իրականությանը, հարցը ուղղեցինք Կովալենկո Շահգալդյանին. «Չգիտեմ, ծիծաղեմ, թե լաց լինեմ էդ ապուշության վրա: Կարծում եմ՝ մարզպետի երկար տարիների աշխատանքը գնահատվել է երկրի ղեկավարների կողմից, դրա համար ես երկար պաշտոնավարել եմ: Իսկ նախագահը ոչ իմ, ոչ էլ Դանիելյան Արամի նվերի կարիքը չունի, վերջ տվեք հերյուրանքներին ու բամբասանքներին»:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը եւս երկարակյաց պաշտոնյաների շարքում է: Ի շնորհիվ ՀՀԿ-ի լծակների՝ նա Հրազդանը ղեկավարում է 16 տարի:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X