Գորիկ Հակոբյանի մասին լավն ասել չեմ կարող, վատն ասելն էլ արդեն անիմաստ է․ Գուրգեն Եղիազարյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար, 2008թ․ ընդդիմադիր գործունեության համար կալանավորված Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ԱԱԾ նախկին ղեկավար, այսօր կյանքից հեռացած Գորիկ Հակոբյանի գործունեությունը։

«Հանգուցյալների մասին ասում են կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Ես կնախընտրեմ ոչինչը, որովհետեւ լավն ասել չեմ կարող, վատն ասելն արդեն անիմաստ է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Նկատեցինք, որ ԱԱԾ նախկին ղեկավարի գործունեությանը պետք է գնահատական տալ, ինչպես տարբեր ժամանակներում տարբեր իշխանավորների, ռեժիմներին սպասարկող գործիչներին են գնահատակններ տրվել, որպեսզի սերունդները ճիշտ պատկերացում կազմեն նրանց մասին։
«Ես նրա մասին կենդանության օրոք մամուլով ասել եմ այն ամենն, ինչ ոչ ոք չի ասել։ Իսկ սերունդներին այնքան նյութ եմ թողել նրա մասին, թե ինչեր է արել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ ավելացնելու ոչինչ չունի։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հայելի» ակումբում Գուրգեն Եղիազարյանը Գորիկ Հակոբյանի մասին ասել էր, որ նրան քաջ առողջություն է ցանկանում, որպեսզի տեսնի բանտախցում։

Իսկ Գորիկ Հակոբյանի անփառունակ գործունեությանն այսօր սոցիալական ցանցերում հիշել եւ անդրադարձել են քաղաքական գործիչներ, ընդդիմադիր գործունեությամբ աչքի ընկած քաղաքացիներ, քաղաքացիական ակտիվիստներ, տարբեր օգտատերեր։ Մարդիկ հիշում են, թե նա ինչպես էր գաղտնալսում ընդդիմադիրներին, շինծու գործեր սարքում նրանց նկատմամբ, հալածում ընդդիմադիր գործունեության համար։
Գորիկ Հակոբյանի գործունեությանը մենք անդրադարձել էինք նաեւ մեկ տարի առաջ, «Հայաստանի երրորդ հանրապետության ազգային անվտանգության նախարարները» հոդվածում։

«2004թ. մինչեւ 2016թ. ԱԱԾ տնօրենը Գորիկ Հակոբյանն էր։ Նա եղել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, իր կարիերան շարունակել է նաեւ անկախ Հայաստանում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում։ Նա 2016թ. փետրվարին պաշտոնից ազատվել է պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու պատճառով։ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման շրջանը հիշվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացրած քաղաքական հետապնդումներով, գաղտնալսումներով, ԱԱԾ-ն որպես ընդդիմադիրների «որս» կազմակերպող կառույց ծառայեցնելով։ Նույնիսկ 2008թ. փետրվարյան հանրահավաքներից մեկի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Գորիկ Հակոբյանը գաղտնալսում է իր տասնամյա թոռան բջջային հեռախոսը»,- նշել էինք հոդվածում։

Մեկնաբանություն
X