Գայանե Գալոյանին ԲԿ-ից տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ

Կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանին բժշկական կենտրոնից տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Գալոյանի փաստաբաններից Մնացական Ղազարյանը՝ նշելով, որ երկու օր առաջ էլ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է իրենց բերած բողոքը խափանման միջոց կալանավորման դեմ:

Մնացական Ղազարյանի խոսքով՝ ինքը չգիտի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում համապատասխան պայմաններ կա՞ն, որտեղ Գալոյանը կշարունակի բուժումը․ «Նա տառապում է մի շարք հիվանդություններով եւ չգիտեմ՝ այնտեղ բժշկական այդպիսի ծառայություններ կա՞ն, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

Մեկնաբանություն
X