Նորք-Մարաշ վարչական շրջանում նշվել է Մարաշի վերածնության 70-ամյա հոբելյանը

«Հրապարակը» հայտնել էր, որ շաբաթ օրը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի երեխաների կնունքն է։ Թաղապետի զավակների՝ Մարիայի եւ Գեւորգի կնքահայրը լինելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ճոխ միջոցառում է սպասվում, որին հրավիրված են քաղաքապետարանի վերնախավը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ։ Երկու օր անց էլ կնշեն նույն վարչական շրջանի 70-ամյակը։ «Միջոցառմանը նախատեսվում է համերգային ծրագիր, կցուցադրվեն հին Մարաշի լուսանկարները, ցուցադրություններ, երգ, պար, հյուրասիրություն, մասնակցելու հրավիրատոմս կուղարկենք նաեւ Սերժ Սարգսյանին»,- մեզ հետ զրույցում ասել էր թաղապետը։

Այսօր արդեն քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնին: Վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Մարաշի վերածնության 70-ամյակի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել անհատ կատարողներ, պարախմբեր ու ազգագրական համույթներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև եկեղեցու բակում բացված տաղանդաշատ նորքմարաշցիների և սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, զրուցել է վարչական շրջանի տոնախմբող բնակիչներ հետ, շնորհավորել նրանց Մարաշի վերածնության տոնի առթիվ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նաև հոբելյանական օրվա տոնախմբության ակամա մասնակիցները դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցում պսակադրվել պատրաստվող երիտասարդ զույգերին՝ մաղթելով նրանց երջանկություն:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նաև Նորք-Մարաշում կառուցված նոր հանգստի գոտու բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին Երևանն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար՝ վարչական շրջանի բնակիչները նշել են, որ հիմնականում սեփական տնատիրություններից կազմված Նորք-Մարաշ վարչական շրջանի համար մանկական խաղահրապարակներով ու ֆուտբոլի դաշտով հանգստի գոտի ունենալն իսկապես անհրաժեշտություն էր:

Մեկնաբանություն
X