Կառավարությանն ենք ներկայացնելու բարձրաստիճան պաշտոնյաների թվի կրճատման մասին նախագիծ․ Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարարությունում այս օրերին մի շարք փոփոխություններ տեղի են ունեցել, առաջիկայում էլ սպասվում են փոփոխություններ, որոնք կրում են ռոտացիոն տեղաշարժի բնույթ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով ԶՈւ-ում կատարված կադրային փոփոխությունների մասին: Նա նշեց, որ այս ամենը բնական գործընթաց է, որեւէ այլ բան պետք չէ փնտրել։

Պնախարարը նշեց, որ կառավարությանն է ներկայացվելու բարձրաստիճան պաշտոնյաների թվի կրճատման մասին նախագիծ, քանի որ ՊՆ-ում բազմաթիվ վարչություններ, բաժիններ կան, որտեղ բավական մեծ թվով ղեկավար-պաշտոն զբաղեցնող ծառայողներ կան: Առայժմ հայտնի չէ, թե բարձրաստիճան պաշտոնյաների թիվը քանի տոկոսով կկրճատվի, բայց նախարարը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ ծառայող անձնակազմը շարունակի աշխատանքը Զու-ում։

«Առաջարկել եմ հետևյալը. հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը դեպի ծառայության հարցերը և այն, որ հանրության համար դա գերզգայուն թեմա է, սոցիալական արդարության կարևոր ցուցիչ է, ցանկացած պաշտոն զբաղեցնող մարդ պետք է հայտարարագրի իր և իր փոխկապակցված անձանց կարգավիճակը զինվորական ծառայության հետ կապված, այսինքն՝ նշվի՝ ծառայել է, չի ծառայել, եթե չի ծառայել, ապա ազատված է, տարկետում ունի… Սա բավական է լինելու հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այս խնդրի վրա սևեռելու համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ այդպես տարիների ընթացքում կձեւավորվի որոշակի վարվելակերպ։

Խոսելով զենք-զինամթերքի ձեռքբերման մասին՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ
ինքը նախընտրում է զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ, իսկ առաջիկա գնումների, հնարավոր գնումների, այստեղից-այնտեղից ձեռքբերելու մասին խոսակցությունն անօգուտ է, որովհետև դա դժվարացնում է նման բոլոր գործընթացները, բացահայտում է հեռանկարային ծրագիրը, ինչը հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել:

Մեկնաբանություն
X