Բայց էս Սանոն բերնից թուլ ա․ հրապարակվեց Սամվել Բաբայանի աշխատասենյակի ձայնագրությունները

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին հրապարակվեց «ներքին դիտում» օպերատիվ գործողության ժամանակ կատարված ձայնագրությունները, որոնք կատարվել են Սամվել Բաբայանի աշխատասենյակում։ Ի դեպ, ձայնագրությունները լսելի չէին։ Սամվել Բաբայանը սկզբում առարկեց՝ նշելով, որ անձնական խոսակցություններ են եւ իմաստ չկա դրանք լսելու։ Նիստը նախագահող Արշակ Վարդանյանը նշեց, որ ձայնագրությունը պետք է ամբողջովին լսել, որպեսզի իրավիճակը հասկանալի լինի։

Սկզբում հասկանալի էր, որ խոսակցությունը Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի միջև էր: Հետո հեռախոսազանգ է հնչում: Այդ ընթացքում կնոջ ձայն է լսվում. «Բայց էս Սանոն բերնից թուլա»: Այս ձայնագրությունը առաջացրեց դահլիճի ծիծաղը: Գործով վկա Սուսաննա Հարությունյանը, ով աշխատել է ՕՐՕ դաշինքի Էջմիածնի գրասենյակում եւ ներկա էր այսօրվա դատական նիստին, ասաց՝ «ճիշտ էլ ասել եմ»։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Մեկնաբանություն
X