Իրավունք

Ալիևն էլ փող տա կվերցնենք, բայց Սերժ Սարգսյանին կընտրենք․ Սամվել Բաբայանի գործով վկա

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Սամվել Բաբայանի աշխատասենյակում տեղի ունեցած գաղտնի ձայնագրությունները հրապարակելուց հետո, հրապարակվեց նաեւ ամբաստանյալների, այս գործով վկա Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները։ Խոսակցությունները բավականին կոդավորված էին։ Խոսակցությունների ժամանակ ոչ մի անգամ չօգտագործվեց «Իգլա» բառը: Երկխոսությունները տարբեր բաների շուրջ էին, կոդավորված: Խոսում էին բեհ տալու, գազի բալոն դնելու, 2 դյույմանոց խողովակի ու 40 հազարի մասին։

Հիմնականում հեռախոսային խոսակցություններ էին ունեցել Հրաչյա Մայիլյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին՝ Ռոբերտ Աղվանյանը։ Մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը մի ձայնագրության մեջ ասաց. «Սաղ շտաբները ֆռում ենք փող տվող չկա, Ալիևն էլ փող տա կվերցնենք, բայց Սերժ Սարգսյանին կընտրենք»: Այնուհետեւ խոսակցությունները շարունակվեցին 4-5 հատ ինչ-որ բան 35-ով առնելու վերաբերյալ։

Հեռախոսային խոսակցությունների վերծանած տարբերակը ընթերցելու ընթացքում ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն ասաց, որ ոչխարի թեմա է, իսկ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը նշեց, որ պետք է ընթերցվեն այն դրվագները, որոնք գործի հետ առնչություն ունեն։ Մեղադրողը առարկեց՝ նշելով, որ այն, ինչ ընթերցվում է առնչվում է գործին։

Հեռախոսային խոսակցությունների վերծանումները հրապարակելուց հետո նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց նիստը․ հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն ամբաստանյալները։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Մեկնաբանություն
X