Չեմ պատկերացնում, թե Ժիրայր Սեֆիլյանի ցուցակի մարդիկ միասին գործելու հող կգտնեն․ Վիգեն Խաչատրյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, վերջերս անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը բանտից հրապարակեց մի ցուցակ, որում ընդգրկված անձինք, ըստ իրեն, կարող են փրկել մեր պետականությունը։ Գտնվեցին մարդիկ, որոնք անկանկալի եկան՝ իրենց անուններն այդ ցուցակում տեսնելով։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ուղերձ էր պարունակում այդ ցուցակը, եւ ինչո՞ւ են քաղաքական պրոցեսները տեղափոխվել նման հարթություն։

-Այդ ցուցակում, համենայնդեպս, չկան պատահական մարդիկ։ Ամեն մեկն իր չափով հայտնի է եւ հեղինակություն է։ Ես, ճիշտն ասած, այդ մարդկանց միասին նույն ցուցակով չեմ պատկերացնում, որ հող կգտնեն գործելու։ Չէի ասի, թե քաղաքական պրոցեսները տեղափոխվել են այդ հարթություն։ Դա ուղղակի կոնկրետ մարդու ցանկություն է, իրականության հետ չունի ընդհանուր եզրեր։

-Բայց երբ պետականությունը փրկելուց են խոսում եւ ցուցակ հրապարակում, նշանակում է․․․

-Նշանակում է, որ կան մարդիկ, որոնք մտահոգ են եւ կարծում են, որ մենք պետականությունը կորցնելու վտանգի առջեւ ենք կանգնած։ Իմ կարծիքով՝ մենք պետականությունը կորցնելու վտանգի առջեւ կանգնած չենք։

-Ըստ Ձեզ՝ քաղաքական ի՞նչ օրակարգ է պետք այսօր, կա՞ փողոցային պայքարի հեռանկար։

-Յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունները։ Ես կարծում եմ, որ մեր պետությունը, հասարակությունն ապրում են իրենց զարգացման ընթացքի այն փուլը, որը չի ենթադրում փողոցային պայքար։ Ես չեմ տեսնում փողոցային պայքարի նշաններ։

-Շաբաթ օրը Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով նրա համախոհները հրավիրել են ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզման նախապատրաստելու առաջին հավաքը։ Նման ձեւակերպումներով հանդես գալը չի՞ ենթադրում փողոցային պայքար։

-Այդ երեւույթներն օրինաչափ են։ Առկա է հասարակության որոշակի օտարվածությունն իշխանություններից, հասարակությունն անմիջական չի մասնակցում հարցերի քննարկմանը։ Եվ այդ պարագայում կլինեն նման ծայրահեղ դրսեւորումներ, թե նրանք ինչ թափ կստանան՝ դժվար է ասել։

Մեկնաբանություն
X