Բարսելոնայում բողոքի ցույց է ընթանում

Մոտ հարյուր մարդ այս ժամերին բողոքի ցույց է անցկացնում Կատալոնիայում Իսպանիայի ազգային ոստիկանության շտաբի մոտ: Ցուցարարները բողոքում են կիրակի Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ իրավապահ մարմինների կիրառած բռնությունների դեմ, հաղորդում է РИА Новости-ն:

Բարսելոնայի կենտրոնական փողոցներից մեկը, որտեղ գտնվում է իրավապահ մարմինների վարչական շենքը, որոշ հատվածներում փակ է: Ոստիկանները շրջափակել են նաև շենքի մուտքերը:

Բողոքի ցույցին մասնակցում են հիմնականում երիտասարդները, որոնք թղթից ինքնաթիռներ են պատրաստում և նետում շենքի ուղղությամբ: Դրանք, ըստ ցուցարարների, խորհրդանշում են այն քվեաթերթիկները, որոնք ոստիկանությունը բռնագրավել է ընտրատեղամասերից՝ այդկերպ խոչընդոտելով քվեարկությանը:

«Մենք չենք հեռանալու, մինչև մեզ անկախություն չտան»,- հայտարարում են երիտասարդները:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Իսպանիայից կատալոնիայի անկախացման օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը կամ 2,3 միլիոն մարդ: Մադրիդի իշխանությունները չեն ընդունում հանրաքվեն և նրա արդյունքները: Կիրակի ողջ Կատալոնիայի տարածքում իրավապահները փորձել են բռնի ուժով կասեցնել քվեարկությունը: Քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներում, ըստ տարբեր աղբյուրների, տուժել է մինչև 850 մարդ: Ոստիկանությունը հայտարարել է իր շարքերից մոտ 30 տուժածի մասին:

Մեկնաբանություն
X