Բերդում խառն է, ՀՀԿ-ի թեկնածուն դեռ հայտնի չէ

Նոյեմբերի 5-ին հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, որոնք, թերեւս, հերթական անգամ վերածվելու են ՀՀԿ-ականների միջեւ պայքարի։ Թեկնածուների առաջադրումն սկսվել է հոկտեմբերի 1-ից, սակայն արմատական ընդդիմություն հռչակված «Ելք» դաշինքը դեռ քննարկումների փուլում է ու չի որոշել, թե որ համայնքում է թեկնածու ունենալու, որտեղ՝ ոչ։ Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հիշեցնում է իրենց որդեգրած սկզբունքն այն մասին, որ ՏԻՄ ընտրությունները քաղաքական պայքարի «կարեւորագույն բաղադրիչ» են, սակայն շեշտում է, որ մասնակցությունը չպետք է լինի օլիմպիական, մասնակցել՝ հանուն մասնակցելու։ Գորգիսյանը երեկվա դրությամբ չկարողացավ ասել, թե գոնե խոշոր քաղաքներում՝ Արտաշատ, Ապարան, Չարենցավան, Սիսիան եւ այլն, կունենա՞ն թեկնածուներ․ «Դեռ քննարկում ենք, եւ կարծում եմ՝ մինչեւ առաջադրումների վերջը՝ հոկտեմբերի 6-ը, կորոշենք»։ Մեկ տարի առաջ ՏԻՄ ընտրություններում, հիշեցնենք, «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցեց իր առաջին հաջողությունն Արարատի մարզի Նոր կյանք գյուղում․ «ՔՊ» երիտասարդ ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանը հաղթեց երկարամյա ՀՀԿ-ական համայնքապետին։

Տեղեկացրել ենք նաեւ, որ ԲՀԿ-ականները համայնքային ընտրությունների վերաբերյալ եւս քննարկում են ունեցել եւ որոշել՝ որտեղ «ուժեղ» թեկնածու ունեն, այնտեղ առաջադրում կլինի։ Ամենայն հավանականությամբ՝ ՀՅԴ-ում էլ կպահեն «ստատուս քվոն», եւ միայն իրենց գործող համայնքապետերը կվերաառաջադրվեն, որոնք շատ չեն։ Փոխարենը ՀՅԴ-ում որոշում կա ավագանու թեկնածություններ առաջադրելու։ Այնպես որ՝ համայնքների ղեկավարների պաշտոնի համար բուռն պայքարն ընթանալու է հիմնականում ՀՀԿ-ականների միջեւ, որոնք մարզերում տարբեր թեւերի են բաժանվում, ընդհատակյա թեկնածուներ են առաջադրում, չնայած ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նախապես պաշտոնական թեկնածուների են որոշում։ Ի դեպ, անցած շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստում, երբ քննարկվել է ՏԻՄ թեկնածուների հարցը, որոշում չի կայացվել Բերդ քաղաքի հետ կապված։ Մյուս գրեթե բոլոր մեծ համայնքներում ՀՀԿ-ն որոշել է վերաառաջադրել գործող համայնքապետերին՝ Սիսիան, Կապան, Չարենցավան, Ճամբարակ, Ախթալա (գործող քաղաքապետը Վազգեն Խաչիկյանի եղբայրն է)։ «Բերդ քաղաքում դեռ որոշում չունենք, առաջիկայում կունենանք»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խնամին է։ Հինգ տարի առաջ տեղի ունեցած նախորդ ընտրություններում նա ինքնառաջադրվեց եւ հաղթեց ՀՀԿ-ի թեկնածու գործող քաղաքապետին։ Ի դեպ, քաղաքապետի որդու անունը տարիներ առաջ շոշափվեց Երեւանում հնչած կրակոցների մի միջադեպի առիթով․ կրակել էին քաղաքապետի որդու վրա, սակայն թե՛ քաղաքապետը, թե՛ աները՝ Գագիկ Մելիքյանը, հերքեցին․ «Պատահականություն էր, թշնամիներ չկան»։ Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ի թեկնածուն Արծվաբերդի անտառտնտեսության մոտ 20 տարվա պետ Ավետիք Ադամյանն է, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի «քիփն» է, որդին էլ՝ Կարեն Ադամյանը, մարզպետի առաջին տեղակալը։ Ռուբեն Թադեւոսյանը չհաստատեց մեր տեղեկությունը՝ պնդելով, որ որոշում չունեն։

Եվ չնայած ՀՀԿ-ում որոշում չունեն, սակայն Հարություն Մանուչարյանն արդեն որոշել է՝ առաջադրվելու է։ «Ամենայն հավանականությամբ՝ ինքնառաջադրում, որովհետեւ ՀՀԿ-ն մեզ մոտ հայտարարել է ազատ դաշտ»,- պարզաբանեց քաղաքապետը։ Նա, հավանաբար, այսօր կներկայացնի դիմումը ԿԸՀ, իսկ ՀՀԿ-ից աջակցություն չստանալու, անտառտնտեսության պետի առաջադրման մասին հարցին ի պատասխան ուղղորդեց դեպի ՀՀԿ։ «Ես էլ եմ լսել, որ առաջադրվում է, թե ինչու ինձ չեն աջակցում, դրա բացատրությունը չունեմ, գիտեմ մի բան, որ Հանրապետական կուսակցությունն իր անդամներին բոլորին հավասար է նայում, եթե կան ցանկացողներ, ինչի՞ պիտի ասի՝ մի դրեք»,- ասաց քաղաքապետը։ Ինքը դրական է գնահատում իր աշխատանքը եւ նորից պետք է առաջադրվի, որպեսզի շարունակի սկսած գործը։ Պարզվեց՝ հարազատ կուսակցության հարազատ ձեռագիրն իր վրա երբեք չի տարածվել։ Հարցրինք՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն թույլ չտա առաջադրվել, քանի որ ուրիշ թեկնածուի է ցանկանում պաշտպանել։ «Իմ դեպքում դա երբեք չի եղել»,- պատասխանեց Մանուչարյանը դիտարկմանը, որ իրեն այդ հարցում, հավանաբար, «փրկել» է Մելիքյանի հետ խնամիական կապը։ «Բացարձակ, ես երբեք փրկիչ չեմ ունեցել»։ Հարցրինք նաեւ, թե այդ «ազատ գոտում» ՀՀԿ-ն քանի՞ մասի է բաժանվելու, ո՞վ ում է պաշտպանելու։ «ՀՀԿ-ականներն իրենք կորոշեն»։ Իսկ դա ներկուսակցական թշնամանքի ու լարվածության հող չի՞ ստեղծի։ «Ես իմ կողմից ամեն ինչ կանեմ, որ չի լինի նման բան»,- վստահեցրեց քաղաքապետը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X