Մեր երկրի մրցակցային ոլորտը նախադեպը չունեցող ցուցանիշ է գրանցել

Համաշխարհային մրցունակության զեկույցում մեր երկիրը 2017 թվականին տնտեսական մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է գրանցել: Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար Արտակ Շաբոյանը ռեկորդային այս ցուցանիշները կապում է կառավարության կողմից իրականացվող առավել ակտիվ տնտեսական քաղաքականության, հատկապես բիզնես միջավայրի բարելավման, ինչպես նաեւ ներդրումային ակտիվ քաղաքականության հետ. «Անշուշտ, դրական պետք է համարել նաեւ ԵԱՏՄ անդամակցությունից հետո տասնյակ ոլորտներում թե՛ արտահանող եւ թե՛ ներկրող նոր տնտեսվարողների մուտքը, որն աշխուժություն է մտցրել շուկայում՝ մի շարք ոլորտներում արձանագրելով կենտրոնացվածության նվազում: Բացի այդ, ՀՀ մրցակցային մարմնի կողմից խոշորածավալ աշխատանք է տարվել հատկապես պետական գնումների, անբարեխիղճ մրցակցության բացահայտումների, ինչպես նաեւ շուկա մուտքի խոչընդոտների առումով»:

Նշենք, որ Հայաստանն առաջընթաց է արձանագրել բոլոր երեք հիմնական ուղղություններով՝ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության, մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության եւ տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշներով։

Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ Հայաստանն իր դիրքերը բարելավել է միանգամից 37 կետով

Տվյալ երկրում տնտեսական մրցակցության իրավիճակի կարեւոր բնութագրիչներից մեկը համարվում է հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշը, որն ուղղակիորեն բնութագրում է մրցակցության պաշտպանության համար պատասխանատու մարմնի գործունեության արդյունավետությունը: Այս ցուցանիշով Հայաստանը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է միանգամից 37 կետով եւ ներկայումս աշխարհի 137 երկրների շարքում զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը՝ դառնալով առաջատարը ԵԱՏՄ անդամ երկրներում. Ռուսաստանն զբաղեցնում է 83-րդ, Ղազախստանը՝ 84-րդ, Ղրղզստանը՝ 109-րդ տեղը: Մեր երկիրն այս ցուցանիշով գերազանցում է նաեւ տարածաշրջանի, ԱՊՀ անդամ եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների։ Օրինակ՝ Վրաստանը գտնվում է 112-րդ, Լիտվան՝ 68-րդ, Լատվիան՝ 78-րդ, Սլովակիան՝ 76-րդ, Հունգարիան՝ 73-րդ, Մոլդովան՝ 126-րդ, Ռումինիան՝ 95-րդ, Սլովենիան՝ 60-րդ, Լեհաստանը՝ 49-րդ, Ուկրաինան՝ 124-րդ, իսկ Թուրքիան՝ 43-րդ հորիզոնականում։

23 կետով առաջընթաց է արձանագրվել մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցողների ազդեցությունը բնութագրող ցուցանիշի գծով

Այս առումով աշխարհի 137 երկրների շարքում զբաղեցնում ենք 28-րդ տեղը՝ նախորդ տարվա 51-ի փոխարեն: Հայաստանին զիջում են ԵԱՏՄ անդամ եւ տարածաշրջանի բոլոր պետությունները, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ: Մասնավորապես, Ռուսաստանն զբաղեցնում է 64-րդ, Ղազախստանը՝ 91-րդ, Ղրղզստանը՝ 92-րդ, Թուրքիան՝ 59-րդ, Վրաստանը՝ 67-րդ, Լիտվան՝ 77-րդ, Հունգարիան՝ 108-րդ, Մոլդովան՝ 122-րդ հորիզոնականը եւ այլն:

Տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշով մեր դիրքերը բարելավել ենք 25 կետով՝ ետեւում թողնելով ԵԱՏՄ անդամ երկրներին:
Տեղեկացնենք, որ հարցումները տնտեսվարողների շրջանում իրականացվել են օնլայն՝ անանուն տարբերակով, ինչն առավել օբյեկտիվ է գնահատում կատարված լայնածավալ աշխատանքների արդյունավետությունը:

ՀԳ. Յուրաքանչյուր տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող զեկույցը հանդիսանում է աշխարհի երկրների մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը։ Այն հիմք է ընդունվում տարբեր միջազգային հարթակներում՝ տվյալ երկրի ընդհանուր զարգացման ցուցանիշը եւ առաջընթացը գնահատելու առումով:

Մեկնաբանություն
X