Ես իմ ժողովրդի ժողովրդական արտիստն եմ

Հայաստանում է սիրված երգիչ Պապին Պողոսյանը, ով այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը, երգչի բնորոշմամբ, ավելի կամրապնդի Հայրենիք-Սփյուռք կապը, քանի որ ելույթ կունենան երգիչներ թե՛ Սփյուռքից, թե՛ Հայաստանից։ Համերգին մասնակցում են նաեւ Արմեն Հովհաննիսյանը (հայտնի երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին), Հերմինե Ամիրյանը, Էմմա Թովմասյանը, Սալբի Մայիլյանը, Հայաստանից՝ Վարդան Բադալյանը, Անահիտ Սահակյանը, Մավր Մկրտչյանը, ինչպես նաեւ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ։ Համերգի ընթացքում երգիչներից յուրաքանչյուրը ներկայանալու է իր երգացանկով, իսկ ընդհանուր առմամբ՝ հնչելու են հայ կոմպոզիտորների, ինչպես նաեւ գուսանական, աշուղական երգեր։ Ծրագիրը լինելու է շատ մեծ ու բազմաժանր։

- Պարոն Պողոսյան, 13 տարի Հայաստանում չէիք եղել, այսքան տարվա բացակայությունից հետո ի՞նչ փոփոխություններ նկատեցիք հայրենիքում, շա՞տ բան է փոխվել քաղաքում, մարդկանց մեջ։

  • Բոլոր տեղերում էլ կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր։ Այն, որ գեղեցիկ շենքեր են կառուցվում, փողոցները բարեկարգում են, լավ է, բայց ես կուզեի, որ Հայաստան աշխարհում լուծվեին բոլոր սոցիալական խնդիրները, որպեսզի մեր ժողովուրդը սրտանց ուրախանար, ապրեր եւ ցանկություն չունենար դուրս գալ հայրենիքից։ Այս օրերին տեսա ե՛ւ ժպիտներ, ե՛ւ մտահոգ դեմքեր, ինչը չէի ցանկանա, որ լիներ։ Ամենակարեւորը՝ որ մեր հայրենիքում բոլորն ապրեն խաղաղ։ Միշտ Աստված ենք կանչում, որ այս դժվարին ժամանակներում մեր հայ զինվորն ապահով վերադառնա իր օջախ։

- Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա մարդիկ արտագաղթում են, նրանց մեծ մասը գնում է ամերիկյան երազանքի հետքերով։ 13 տարի առաջ Ձեզ ի՞նչը տարավ Ամերիկա։

  • Դեռ 90-ականներին ինձ առաջարկեցին պայմանագրային մեծ գումարներով մնալ այնտեղ, բայց այդ դժվարին ժամանակներում մնացի իմ հայրենիքի, ժողովրդի կողքին, ինչքան հնարավոր է՝ օգնել եմ, բարեգործական համերգներ եմ արել մեր զինվորների համար։ Իմ մնալն Ամերիկայում պատահականություն էր․ 2005-ին, երբ 2 անգամ համերգներով մեկնեցի ԱՄՆ, ինձ մեծ առաջարկ արեցին, եւ ես նախընտրեցի գործի բերումով մնալ։ Հետո այնպես եղավ, որ տղաս գրին քարտ շահեց, եկավ իր ընտանիքով, ու այդպես միասին սկսեցինք ապրել։ Իսկ այն, որ այս տարիների ընթացքում չեմ եկել, մի քիչ թղթաբանության հետ էր կապված, եւ, պատկերացրեք, գալուցս մի շաբաթ առաջ եմ այդ օրինական թղթերն ստացել։ Ասում էի՝ չլինի էլ, մեկ է՝ գնալու եմ, որովհետեւ համերգը բավականին հետաձգել էինք։ Այնպես որ, Ամերիկա գնալն իմ երազանքը չի եղել, եթե լիներ, ապա 88-ից արդեն այնտեղ կլինեի, բայց հիմա արդեն հաճախակի կգնամ-կգամ, քանի որ շատ եմ կարոտել իմ հայրենիքը, իմ ժողովրդին, երկրպագուներին եւ այն երգիչներից եմ եղել, որ հանրապետության բոլոր շրջաններում համերգներ եմ ունեցել։

- Մարդիկ ինչպե՞ս են Ձեզ ընդունում՝ ճանաչո՞ւմ են։

  • Այո, ճանաչում են, կարոտով մոտենում բարեւում են, եւ ես շատ ուրախ եմ, որ 13 տարի չլինելով հայրենիքում՝ ինձ չեն մոռացել, ավելին՝ սիրում են։

- Իսկ որքանո՞վ է հեշտ ապրել, ստեղծագործել ԱՄՆ-ում, ինչո՞վ եք այնտեղ զբաղվում։

  • Զբաղվում եմ դարձյալ իմ արվեստով, ստեղծագործում եմ, վերջերս 3-4 երգ եմ գրել, մեկի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանվել, կոչվում է՝ «Ասա, ընկեր»։ Հիմնականում դասավանդում եմ, կրթում եմ հայ երիտասարդ երեխաներին, ծանոթացնում եմ մեր հայկական մաքրամաքուր երգին, վոկալ եմ դասավանդում։ Այնտեղ եթե մի համերգ ես ուզում կազմակերպել, հրաշալի արվեստագետներ, երաժիշտներ կան, որոնց հետ կարող ես աշխատել, համերգներ ունենալ։ Վերջերս երիտասարդ երգիչ Գագիկ Բադալյանի հետ համատեղ համերգ ունեցանք «Ալեքս» թատրոնում, որի խտասկավառակը շուտով դուրս կգա։ Ընդգրկված էին մեր հայ կոմպոզիտորների, նաեւ ժողովրդական, գուսանական երգերը՝ համատեղ դուետներով։ Լինում են նաեւ բարեգործական համերգներ, մարաթոններ՝ Հայաստանին օգնելու համար, իսկ ես միշտ պատրաստ ու մասնակից եմ եղել դրանց։

- Հայաստան վերադառնալու միտք ունե՞ք։

-Կփորձեմ համատեղել, քանի որ տղաս իր ընտանիքով արդեն այնտեղ է ապրում, թոռնիկներս էլ շատ գերազանց են սովորում թե՛ հայկական, թե՛ ամերիկյան դպրոցում։ Այնպես որ, գնալ-գալը միշտ լինելու է, հիմա արդեն՝ նաեւ համերգներն էլ։ Շատ կարոտում եմ նաեւ այստեղ ապրող իմ աղջկան, թոռնիկներիս, իմ ժողովրդին։ Հույս ունեմ, որ 2018-ին ինչ-որ ձեւով՝ պետական մակարդակով, գոնե կնշվի իմ գործունեության 45 տարին, եւ կունենամ շատ համերգներ թե՛ շրջաններում, թե՛ Արցախում։

- Հավանաբար հետեւել եք, թե այս տարիների ընթացքում հայկական երգարվեստն ինչ ուղղությամբ է զարգանում, գո՞հ եք այդ փոփոխություններից։ Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ չկա այն չափանիշը, որ կտարբերի բեմի արվեստը հարսանիքի արվեստից։

  • Նախ ինձ ուրախացնում է, որ վերջին ժամանակներում մեծ տեղ են տալիս հայ կոմպոզիտորների, գուսանների լավագույն երգերի պրոպագանդմանը։ Այդ քաղաքային ֆոլկլոր երգերը միշտ էլ եղել են բոլոր ժամանակներում, ուղղակի մի տարբերությամբ․ այն ժամանակ եղել է սահմանափակում, թե դա որտեղ պետք է կատարվի։ Հեռուստատեսությունն ու ռադիոն պրոպագանդման մեծ ու հզոր ուժ են։ Ես որեւիցե մի երգչի չեմ մեղադրում, որովհետեւ, եթե հեռուստատեսությունը երգչին ասի՝ կա՛մ կատարումդ փոխի, կա՛մ շտկումներ արա, այդ երգիչն անպայման կփոխի, քանի որ ուզում է ճանաչվել, սիրվել։ Եթե այդ սահմանափակումները մի քիչ լինեն, հավատացնում եմ՝ բոլորն էլ կփոխվեն եւ կմատուցեն այն երգերը, որ բոլորս էլ ձգտում ենք, որ կատարվեն։ Բնական է՝ եթե մարդն զգում է, որ դրանով ավելի շատ գումար է վաստակում, գնում է դրան։

- Բացի այն, որ հանդիսատեսի կողմից այդ պահանջարկը կա, առկա է նաեւ այլ խնդիր, պետական մակարդակով խրախուսվում են այդ երգիչները, նրանց տրվում են կոչումներ, մեդալներ։

  • Դա էլ կա, եւ երբ այդ բոլոր չափանիշները գան, իրենց տեղն ընկնեն, հավատացնում եմ՝ ամեն ինչն էլ իր տեղը կընկնի, իսկ սխալը գալիս է այնտեղից, թե ինչ է պրոպագանդվում։ Օրինակ՝ 88-ից հետո այդ կենցաղային երգ-երաժշտությունը բարձրացավ ե՛ւ բեմ, ե՛ւ հեռուստատեսություն։ Մինչդեռ, եթե ուզում ես իջեցնել ազգի մակարդակը, պետք է հարվածես լեզվին ու մշակույթին։ Վերջին շրջանում նկատել եմ, որ ավելի շատ տեղ են տալիս ժամանակակից գործիքավորումներով, ժամանակակից մոտեցումներով ժողովրդական երգերին, եւ ես ուրախանում եմ դրա համար, որ վերադառնում են այն երգերը, որոնք ժամանակին մոռացվել էին։

- Ո՞նց եք նայում ազգային, ժողովրդական երգերի նոր մշակումներին, ինչպե՞ս են դրանք մատուցվում։

  • Շատ լավ, իմ միակ մտահոգությունն այն է, որ կատարման տեսակետից պետք է պահպանվի մաքուրը, որովհետեւ, եթե Սայաթ-Նովայի մեջ խաղը, շեշտադրումը մեկ ուրիշ տեղ անես, երգը կորցնում է իր հմայքը։ Նույնը՝ Շերամը․ եթե երգելիս մի խաղ ավել անես, Շերամը Շերամ չի դառնում։ Իսկ ընդհանրապես՝ ժամանակակից գործիքավորումները ողջունում եմ, բայց կատարողական արվեստի հիմքը պետք է պահպանվի, եթե պահպանվեց, ուրախալի է։ Ի դեպ, առաջին ժողէստրադային խումբը՝ «Վերածնունդ», ես եմ ստեղծել, որով համերգներ ենք ունեցել տարբեր տեղերում։ Բայց, օրինակ, ժամանակակից գործիքավորումներով այնպես չեմ արել, որ իմ կատարման մեջ երգը տուժի։ Դա ամենակարեւորն է, սա է հիմքը։

- 45 տարվա ստեղծագործական կյանք, մեծ ժողովրդականություն, բայց ոչ մի կոչում։ Զարմանալի է։

  • Կարեւորն իմ ժողովրդի վերաբերմունքն է՝ թե՛ այստեղ, թե՛ Սփյուռքում։ Ճիշտ է, որեւիցե կոչում չունեմ՝ վաստակավոր լինի, թե ժողովրդական, բայց բոլոր բեմերից հայտարարում են՝ ժողովրդական երգիչ, ու թեեւ ամեն անգամ ասում եմ՝ ես նման կոչում չունեմ, ասում են՝ ի՞նչ ես խոսում, դու արդեն ժողովրդական ես քո ժողովրդի կողմից։ Ես էլ կատակով ասում եմ՝ ես իմ ժողովրդի ժողովրդական արտիստն եմ։ Բայց պետք է ասեմ, որ վերջերս Լոս Անջելեսում, երբ իմ 65-ամյակը նշվեց, հանրապետության նախագահը շնորհավորական հեռագիր էր հղել, մշակույթի նախարարությունն էլ ոսկե մեդալով պարգեւատրեց ինձ։ Ես իմ ամբողջ կյանքում երբեք կոչման համար չեմ երգել, երգել եմ իմ ժողովրդի համար, նրա դարդուցավը, ուրախությունը, գեղեցկությունը եւ 45 տարվա մեջ պահպանել եմ մեր մաքրամաքուր երգն ու երաժշտությունը, իսկ կոչումը եթե լինի, լավ է, եթե չլինի, էլի լավ է։ Կարեւորը՝ որ ժողովուրդը սիրում, հարգում է ինձ, բարի է խոսում իմ մասին։ Ես դրա համար պարտական եմ իմ ժողովրդին, որ բարձր է պահում Պապին Պողոսյան անունը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X