Չարենցավանին կից Արջաձոր համայնքից 18 գլուխ անասուն է անհետացել

Չարենցավանին հարակից Արջաձոր համայնքում սեպտեմբերի 27-ին 18 գլուխ անասուն է անհետացել։ Ու մինչ օրս չեն կարողանում գտնել կամ գոնե պարզել՝ նախիրը կորե՞լ է, թե՞ գողացել են։ Անհետացած 18 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից ութը Չարենցավանի բնակիչ Վարուժան Առաքելյանինն են։ Անասունները Վարուժանի ընտանիքի ապրուստի հիմնական միջոցն էին, բայց մինչ օրս նրանք չեն կարողանում անասունների առեղծվածային անհետացման պատճառը հասկանալ։ Փնտրել են ուր հնարավոր է՝ հարակից գյուղեր, ավելի հեռու՝ անգամ Զովունի են հասել, բայց նախիրը չի գտնվել։

«Ամսի 27-ին ժամը 12-ի կողմերը անասունը բերել են ջրի, հետո տեսել են՝ չկա։ 19 գլուխ կով ա եղել, մի հատը հաջորդ օրը հետ ա եկել, 18 գլուխ անասուն հիմա չկա»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վարուժան Առաքելյանը։

Նախրապանը Գուրգեն անունով մի մարդ է եղել, ում փող են տվել դրա համար, որ անասւոններին տանի ջրի։ Բայց այդ օրը իր հերթը չի եղել, Արամ Հայրապետյանի հերթն է եղել։ Կորած 18 անասուններից երկուսն էլ Արամին էին պատկանում։ Արամ Հայրապետյանն այդ օրը չի կարողացել գնալ, Գուրգենին է ասել, որ իր փոխարեն նախիրը տանի ջրի։

«Ամսի 27-ին, ժամը 12-13-ի կողմերը նախիրը իջեցնում են ջուր խմելու, հետո հանում են վերև՝ տեղ կա, որտեղ որ նստում ա։ Հետո իջնում ա էդ պահողը հաց ուտելու, հետ ա գալիս, տեսնում ա չկա նախիրը»,-պատմեց Արամ Հայրապետյանը։ Թե ինչու է իր հերթի օրը ուրիշին հանձնարարել, որ նախիրը պահի, Ա․ Հայրապետյանն ասաց․ «Տատս մահացել էր, էդ օրը տատուս թաղումն էր»։

Մեր հարցին, թե ինչ է կարծում՝ կորե՞լ է նախիրը, թե՞ գողացել են, նախրապանը դժվարացավ պատասխան տալ․ «Չեմ կարա հիմա ես կոնկրետ մի բան ասեմ, որովհետև ես ոչ մի բան ոչ նկատել եմ, ոչ բան։ Էդ մարդը իջել ա հացը վեկալել ա, եկել ա հացը կերել ա, տեսել ա չկա անասունը։ Մենք մեռանք ման գալով՝ Սոլակով, Աբովյանի գյուղերով, սաղ տեղերը ման ենք եկել, դաժե Աբովյանի ալիքով հայտարարություն ենք տվել, բայց չկա»։

Դեպքի առթիվ դիմել են նաև Չարենցավանի ոստիկանություն։ Այստեղից էլ մեզ ասացին, որ անասունների կորստյան վերաբերյալ հաղորդում են ստացել իրենք, նախապատրաստվում են նյութեր, այս պահին գործն ուղարկված է դաախազություն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X