Հայ լեզվաբանությանը նվիրված միջազգային գիտաժողով` կիսադատարկ դահլիճում

Հոկտեմբերի 2-5-ը Երեւանում անցկացվում է Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը, որի պաշտոնական բացմանը ԳԱԱ-ում գրեթե մարդ չկար, բացառությամբ կոնֆերանսի մասնակիցներից ու լրագրողներից։

ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է դահլիճը դատարկ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք Lեզվի ինստիտուտ, բուհեր, որտեղ աշխատում են լեզվի մասնագետ դասախոսներ, ուսանողներ: «Այո, մենք հայաստանյան գրեթե բոլոր բուհերում ունենք բանասիրական ֆակուլտետներ, բայց նայեցի դահլիճին ու այդ բանասիրական ֆակուլտետում աշխատող դասախոսներին չտեսա։ Ի դեպ, այդ ամբիոններում կան նաեւ լեզվի ամբիոններ, եւ նրանք պարտավոր էին մասնակցել։ Բայց չմասնակցելը ես վերագրում եմ ոչ լավ կազմակերպվածությանը։ Օրինակ՝ ես այսօր ելույթ ունեցա, ու քիչ առաջ ինձ ասացին դրա մասին, որովհետեւ չկար ծրագիրը, այսինքն՝ կազմակերպիչները նախապես պետք է տեղեկացնեին, եւ, հավանաբար, մեծ մասը տեղյակ չէ»։

Այն, որ հենց այս դատարկ դահլիճն էլ խոսում է մեր վերաբերմունքի մասին հայոց լեզվի, հայագիտության նկատմամբ, ակադեմիկոսը նախընտրեց զերծ մնալ խիստ գնահատականներից եւ մատնանշեց ընդհանրապես լուրջ արժեքներով պակաս հետաքրքրված լինելը․ «Առաջին պլան են կարծես թե մղվել բիզնեսի խնդիրները, եւ արժեհամակարգերի որոշ փոփոխություն կա, ոչ հօգուտ դեպի բարձրարժեքները, իսկ լեզուն, մշակույթը բարձր արժեքներ են, եւ բոլորը պետք է հետաքրքրված լինեն, հատկապես՝ մասնագետները։ Հիմա այս մարդիկ աշխարհի տարբեր ծագերից եկել են, բայց մեր լեզվաբանները՝ ոչ։ Փոխվել են ժամանակները, եթե առաջ մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայագիտական օջախները մեծ մասամբ դրսում էին, ապա 40-ական թվականներից, երբ ստեղծվեց ակադեմիան, եւ մեր բուհերը լայն թափով սկսեցին զարգանալ, հայագիտական հետազոտությունների կենտրոնը տեղափոխվեց Հայաստան։ Ժամանակի փոփոխությունների շունչն այս դահլիճում չի զգացվում։ Սա է վատը, իսկ հետաքրքրություն առաջին հերթին մե՛զ մոտ պետք է լինի, ոչ թե եկածների մոտ»։

Ինչ վերաբերում է ռուսաց լեցվին հատուկ կարգավիճակ տալու հարցին, որը վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվում է պետական մակարդակով, ապա Յուրի Սուվարյանը կարծում է, որ մեր լեզուն պետք է լինի առաջնահերթ մեր ուշադրության կենտրոնում․ «Հատկապես որ կա «Լեզվի մասին» օրենքը, եւ պետք է նրա պահանջները կատարել, հետո՝ օրենք էլ չլինի, առաջին հերթին պետք է կարեւորություն տանք մեր լեզվին։ Ես մասնակցել եմ անգամ Եվրախորհրդի նիստներին ու կարող եմ մի բան փաստել՝ գերմանացին եւ ֆրանսիացին թեկուզեւ լավ գիտեն անգլերեն, բայց նրանք խոսում են իրենց լեզվով, որն այնտեղ թարգմանում են։ Սա ես վերագրում եմ նրան, որ նրանք բարձր են գնահատում իրենց լեզուն եւ ճիշտ են անում, մենք էլ նույնը պետք է անենք։ Դրան զուգահեռ, աշխարհում արդեն հաղորդակցության հիմնական լեզուն դարձել են անգլերենը եւ մյուս եվրոպական լեզուները։ Մեր խնդիրը պետք է լինի, դպրոցական տարիքից սկսած, առաջին հերթին հայերեն ուսուցանել եւ զուգահեռաբար՝ նաեւ օտար լեզուներ, իսկ ռուսերենը դրանիցից մեկն է, եւ պետք է մշակել ընդհանրապես օտար լեզուների հայեցակարգ, որը պետք է լինի ավելի ուշ, քան հայերենի դասավանդման հայեցակարգը։ Ուղղակի միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ է ներկայացվում կամ քայլերը ճիշտ են ծրագրվում»։ Այսինքն՝ հայերենի հանդեպ անտարբերության միտում չի՞ նկատում։ «Չեմ ուզում նկատել, մեր մայրենի լեզուն մենք ավելի շատ պետք է գնահատենք, հատկապես որ մեր լեզուն, ի հակառակ տարբեր կարծիքների, հարուստ լեզու է՝ հստակ քերականությամբ, բայց հաճախ բարձր ամբիոններից, լրատվամիջոցներով խոսում են ոչ գրագետ հայերենով։ Սա մեր ցավն է»։

Գիտաժողովին մասնակցում էր նաեւ Յուրի Կորյակովը, ով ներկայացնում էր ՌԴ գիտությունների ակադեմիայի լեզուների ինստիտուտը։ Անդրադառնալով ռուսաց լեզվին Հայաստանում հատուկ կարգավիճակ տալու հարցին՝ ռուս գիտնականը նշեց, որ եթե հայերն ու Հայաստանը դրա անհրաժեշտությունը տեսնում են, ապա հնարավոր է, որ այդպես էլ լինի։ «Բայց կարեւորը՝ դա չլինի հայոց լեզվի եւ նրա զարգացման հաշվին, գլխավորը՝ չտուժի հայոց լեզուն, եւ նրա ստատուսը դրանով չփոքրանա»,-իր խոսքում ընդգծեց Կորյակովը։

Գիտաժողովի կազմակերպիչներից Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը ներկայացնող Վարդան Ղազարյանի դիտարկմամբ՝ այս գիտաժողովը միակն է, որ նվիրված է հայ լեզվաբանությանը, որն անցկացվում է 4 տարին մեկ՝ տարբեր երկրներում, եւ հավաքում է աշխարհի ամենահայտնի հայագետներին՝ թե՛ օտարազգի, թե՛ հայազգի։ Այս անգամ գիտաժողովին մոտ 60 հոգի զեկուցողներ կան դրսից, նրանցից 35-40-ն օտարերկրացի են՝ գրեթե բոլոր մայրացամաքներից։ Ինչպես նշում է Վարդան Ղազարյանը, աշխատել են այս գիտաժողովին ընդգրկել ոչ միայն հայտնի հայագետների, այլեւ տաղանդավոր երիտասարդների, ովքեր դեռ ուսանողներ են։

Ղազարյանը կարծում է, որ ռուսաց լեզուն Հայաստանի համար շատ կարեւոր դեր է կատարում, որովհետեւ, դեռ Սովետական Միության պատմությունից սկսած, ոչ միայն հայագիտության, այլեւ ընդհանրապես գիտության բոլոր բնագավառներում գրականությունը ռուսաց լեզվով էր։ «Անշուշտ, Հայաստանում լավ գիտնական լինելու համար անհրաժեշտ է իմանալ նաեւ ռուսերեն»,- ասաց նա ու շտապեց ուղղել, որ դա ոչ թե պարտադիր է, այլ՝ ցանկալի․ «Ոչ ոք ոչ մեկին չի կարող պարտադրել, բայց լավ գիտնական լինելու համար անհրաժեշտ է լավ ռուսերեն եւ անգլերեն իմանալ։ Հիմնական լեզուն, անշուշտ, պետք է լինի մեր մայրենի լեզուն։ Իսկ պետական կարգավիճակ կարող է ստանալ որեւէ լեզու որեւէ երկրում, եթե այդ երկրում կա այդ լեզուն կրող ժողովուրդ, էթնոս։ Կարծում եմ՝ Հայաստանում այդքան մեծ քանակության ռուսազգի ներկայացուցիչ չկա, որպեսզի ռուսերեն լեզվին կարգավիճակ տրվի։ Դա քաղաքական հարց է, բայց ռուսերեն լեզվի ուսումնասիրությունը հայկական դպրոցներում ես պաշտպանում եմ ու կցանկանայի, որ շարունակվեր»։ Վարդան Ղազարյանը չգիտի նաեւ, թե քաղաքական ինչ միտումներ կան Լեզվի պետական տեսչությունը լուծարելով, բայց կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X