Ընդդիմությունը մեռե՞լ է… չի կարող պատահել

Քաղաքագետ, վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Հայաստանում ընդդիմություն, այս բառի դասական իմաստով, չկա: 1996-ին կար (Վազգեն Մանուկյան), 2008-ին կար (Լեւոն Տեր-Պետրոսյան), իսկ հիմա չկա: Մեռել է ընդդիմությունը: Ավելի ստույգ՝ սպանել են նրան: Դե հիմա մեռել՝ մեռել է, հո հետ չե՞ս բերի: Ճիշտն ասած՝ Երվանդ Բոզոյանն իմ տեսած առաջին քաղաքագետն է, որ այսպիսի վիշտ է ապրում՝ «հանգուցյալ ընդդիմություն» տեսնելով: Քաղաքագետները, սովորաբար, ոչ թե ողբ են կապում նման դեպքերում, այլ ընդդիմության, ինչու ոչ՝ նաեւ իշխանության մահը կամ փոփոխությունը գնահատում են քաղաքական պրոցեսների մեջ եւ ոչ թե կյանքի ու մահվան հավերժական հակամարտության:

«Դիահերձելով» մեռած ընդդիմությանը՝ Բոզոյանը հայտնաբերել է, որ ընդդիմության մահվան պատճառը Հայաստանի քաղաքական էլիտան է: Դուք ո՞ւմ գիտեք, որպես քաղաքական էլիտայի ներկայացուցիչ: Մեկ տեղում հավաքեք ձեր իմացած էլիտար քաղաքական գործիչներին եւ կհասկանաք, վերջապես, թե ով սպանեց Հայաստանի ընդդիմությանը: Մոտավորապես այսպես:

Մենք էլիտար գործիչներ շատ ունենք ե՛ւ ընդդիմության մեջ, ե՛ւ իշխանության: Իմ կարծիքով, սակայն, դա հիմք չէ, որ պնդենք, թե ունենք քաղաքական էլիտա ու մանավանդ այնպիսի էլիտա, որ ընդդիմություն է սպանել: Եվ, առհասարակ, երբ խոսում ենք քաղաքական էլիտայի մասին, պետք է միայն լավ բաների մասին մտածել: Աշխարհի ոչ մի նորմալ երկրում էլիտան ընդդիմության ոչնչացմամբ չի զբաղվում, առհասարակ: Քաղաքական էլիտայի առաքելությունը քաղաքական պայքարի բովում արժեքների ձեւավորումն է, գաղափարների պայքար հրահրելը: Եթե կուզեք՝ հենց քաղաքական էլիտան է, որ ընդդիմություն ու ընդդիմադիր պայքար է ձեւավորում՝նպատակ ունենալով հասարակության եւ երկրի առաջընթացը, նպաստելով նաեւ հակասությունների հենքի վրա իշխանության բյուրեղացմանը: Հայաստանում այսօր քաղաքական էլիտայի առկայության մասին խոսելը դեռ շատ վաղ է: Դա նույնն է, թե նախնադարում խոսեիր երկրի գնդաձեւ լինելու մասին:

Հիմա միջանկյալ կարգով ամփոփեմ ասածս, որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի, թե ասում եմ՝ ՀՀ իշխանություններն ընդդիմություն չեն ոչնչացրել, կամ ընդդիմությունն ինքնաոչնչացմամբ չի զբաղվել: Ես ընդամենը ասացի, որ սխալ է ընդդիմության մահվան մեջ մեղադրել մի բանի, որը գոյություն չունի: Դիցուք՝ քաղաքական էլիտան այս դեպքում:
Փաստորեն, Երվանդ Բոզոյանը Հայաստանում ընդդիմության մահը կապում է գերբնական ուժերի հետ: Դա իր որոշելիքն է, եւ այստեղ ոչինչ անել չենք կարող: Սակայն փաստ է նաեւ, որ նա այս ճանապարհով ճշմարտության հասնել չի կարող, քանզի սնոտիապաշտությունը երբեք քաղաքական կատեգորիա չի եղել: Լավ, բա ո՞վ սպանեց Հայաստանի ընդդիմությունը: Իսկապես շատ տեղին հարց է, մանավանդ որ բազմաթիվ քաղաքագետներ ու վերլուծաբաններ են այսօր գլուխ կոտրում այդ հարցի պատասխանը գտնելու համար: Ես՝ անձամբ, քաղաքական էլիտայի բացակայության պայմաններում ընդդիմության մահը բնական երեւույթ եմ համարում: Չեմ կարծում, թե կոռեկտ է որեւէ էլիտար գործչի մատնացույց անել ու պնդել, թե հենց նա սպանեց ընդդիմությունը: Մարդ կա՝ ասում է՝ դա Սերժն է: Ախպոր պես… Ընդդիմության գործունեության համար այն պայմանների մասին, ինչպիսիք կան Սերժի ժամանակ, ընդդիմությունը թերեւս միայն կերազեր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում: Եթե սուտ է, ասեք՝ սուտ է: Էլ չեմ խոսում այսօրվա տեխնիկական հնարավորությունների մասին, որոնք Սերժ Սարգսյանին խանգարում են սպանել ընդդիմությունը: Դե թող Սերժ Սարգսյանը փորձի ընդդիմադիր թերթ փակել, թող ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվի ընդդիմադիր դաշինք գրանցել, թող որեւէ ընդդիմադիր գործիչ, թեկուզ բանտից, ասի, որ իր նամակները տեղ չեն հասնում ու չեն հրապարակվում թերթերում, թող մեկն ասի, որ իրենց տանը ֆեյսբուքյան հռետոր աշխատողներին լռեցնում կամ նեղացնում են: Չկա այդպիսի բան: Իսկապես ժամանակներ են փոխվել, նաեւ՝ բարքեր: Մյուս կողմից էլ չեմ կարող ասել, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ Հայաստանում լավ ընդդիմություն լինի: Աշխարհի եւ ոչ մի պետության նախագահ նման գործառույթ՝ ընդդիմություն արարելու, ինչքանով ես գիտեմ, չունի: Ընդդիմադիր շարժումներ, կուսակցություններ, ընդդիմադիր քարոզչություն ձեւավորվում է որոշակի քաղաքական պայմաններում, որոշակի քաղաքական գծի դեմ՝ որոշակի դեմքերով, առաջնորդներով, բայց ոչ երբեք իշխանության նշանակումով: Իշխանությունը կարող է, իհարկե, գնահատել, թե որ ընդդիմադիր ուղղությունն է ծայրահեղ, որը՝ ձախ, որը՝ միջակ, ըստ այդմ էլ՝ գնալ նրա հետ երկխոսության կամ չգնալ, բայց հաստիքով ընդդիմություն նշանակել իշխանությունը չի կարող, որովհետեւ դա անմիջապես կնկատվի, եւ տվյալ ուժը հանրության աչքում կկորցնի ընդդիմադիր համարումը:

Իսկ գուցե ընդդիմությունը Հայաստանում սպանեցին հենց ընդդիմադի՞ր գործիչները: Օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանը, որ գնաց Դանիա՝ դեսպան: Կամ, ասենք, Նիկոլ Փաշինյանը, որ հանդգնեց քննադատել եռյակի նման հրաշալի ընդդիմադիր բլոկին: Կարո՞ղ եմ ենթադրել, որ նրանք վարձատրություն ստացան իրենց պահվածքի համար՝ արտասվում է Բոզոյանը: Ցավակցում եմ պարոն Բոզոյանին այս ապրումների համար, բայց մեղադրել ընդդիմադիր գործիչներին, որոնք ասել են, թե հնարավոր չէ իշխանության հենարան հանդիսացող հանրահայտ օլիգարխով ընդդիմություն ձեւավորել, մեղմ ասած՝ ճիշտ չէ:

Իսկ ինչո՞ւ ընդդիմության դահիճների մեջ Բոզոյանը չի հիշատակում ՕՐՕ դաշինքը: Մի՞թե միայն այն բանի համար, որ ինքը եղել է այդ դաշինքի անդամներից եւ առանցքային գաղափարաբաններից մեկը: «Քաղաքական էլիտայի» ինչպիսի ներկայացուցիչներ էին հավաքվել այնտեղ… Եվ, պատկերացրեք, ոչ մեկը նշանակովի չէր, իսկ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դառնալն էլ ուղղակի ինքնաբուխ էր ստացվել: Այս խմբակում Բոզոյանն իրեն հրաշալի էր զգում եւ օրական մի քանի քաղաքական հոդված էր գրում Հայաստանում ընդդիմության վերածննդի եւ այդ ընդդիմության մեջ «քաղաքական էլիտայի» երեւելի դեմքերի մասին, բայց կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր: Նորին մեծություն քաղաքական պրոցեսն ամեն ինչ դրեց իր տեղը:

Սիրելի Երվանդ, ողբով հանգուցյալին հետ չես բերի, մանավանդ, երբ հանգուցյալը քաղաքական երեւույթ է: Քաղաքականության մեջ էլ, ինչպես կյանքում, գործ ունենք անվերջանալի պրոցեսի հետ: Այնպես որ՝ ոչինչ չի ավարտվում: Ավելին ասեմ՝ այստեղ գործում է նյութի պահպանման օրենքը: Աշխարհի բոլոր ֆիզիկոսները պնդում են, որ նյութը չի վերանում, այլ մի վիճակից փոխակերպվում է մեկ այլ վիճակի: Իսկ ֆիզիկոսները, որքան էլ տարօրինակ, այնուամենայնիվ, խելոք մարդիկ են: Գրողը տանի, հենց նոր իմացա նաեւ, որ բումերանգը, այդ հանրահայտ գործիքը, որ պտտվում, վերադառնում է քեզ, շարժվում է ոչ թե նետողի զգացմունքներով, այլ ֆիզիկայի օրենքներով: Իսկ մենք նստել մտածում ենք, թե ընդդիմությանն ով սպանեց:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X