Քաղաքականություն

Ժիրայր Սեֆիլյանը ցուցակն ինքն է կազմել, անունները նրան ոչ ոք չի հուշել․ Ալեք Ենիգոմշյան

Անցյալ շաբաթ օրը տեղի էր ունեցել անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզման նախապատրաստելու առաջին հավաքը։

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են ինքն ու Ժիրայր Սեֆիլյանի մյուս համախոհները պատկերացնում իրենց քաղաքական պայքարը՝ խաղաղ անհնազանդությա՞ն տեսքով, փողոցային ակցիաների՞։ «Այս փուլում ամեն ինչ դեռ խմորման եւ ձեւավորման փուլում է։ Վերջնական հստակ կլինի, երբ ճակատը ձեւավորվի, եւ քննարկումների արդյունքում հստակ կլինեն ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իսկ այդ ռազմավարությունից եւ մարտավարությունից էլ կբխի կոնկրետ ծրագիրը։ Այս նախաձեռնությունը կայանում է որպես Ժիրայր Սեֆիլյանի կոչի արձագանք, եւ բնականաբար, պետք է համապատասխանի այդ կոչին»,- ասաց նա։

Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեցինք, թե ինչու Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած ցուցակում, որտեղ նշված էին պետականությունը փրկելուն կոչված անձանց անունները, չկար «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի անունը։
«Գարեգին Չուգասզյանի անվան չլինելն այդ ցուցակում, կարծում եմ, տրամաբանական է։ Նա հասկանալի պատճառներով գտնվում է ընդհատակում եւ այդ գործնական հանդիպումներին չի կարող մասնակցել։ Ե՛վ պարոն Չուգասզյանի, եւ՛ շատ այլ մարդկանց անունների բացակայությունը պայմանավորված է դրանով։ Այլ պատճառ պետք չէ այդտեղ փնտրել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե տարօրինա՞կ չէր, որ ցուցակում հրապարակված անուններից ելնելով ոմանք անակնկալի էին եկել։ Օրինակ, լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանն անակնկալի էր եկել եւ հայտարարել, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, ոչ մի կուսակցության էլ չի պատրաստվում անդամակցել։ «Ժիրայր Սեֆիլյանը, կալանավայրում գտնվելով էլ հետեւում է զարգացումներին, հետեւում է, թե ով իրեն ինչպես է դրսեւորում քաղաքական, հանրային եւ հասարակական հարցերի կապակցությամբ։ Այդ ցուցակը ինքն է բացառապես կազմել, վստահաբար կարող եմ ասել, որ այդ անուններն իրեն ոչ ոք չի հուշել։ Ինքն այդ անուններն առաջարկել է՝ հետեւելով այդ մարդկանց քաղաքական, հասարակական գործունեությանը։ Ժիրայր Սեֆիլյանը պիտի որ նկատած լինի, թե Նարինե Դիլբարյանն ինչպիսի դրսեւորումներով է հանդես գալիս հանրային հարցերի կապակցությամբ, եւ նրա անունն էլ ինքը առաջարկել է։ Եթե Նարինե Դիլբարյանը չի ցանկանում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ապա դա իր իրավունքն է։ Բայց ես կրկնում եմ՝ այստեղ կարեւորը քաղաքական բովանդակությունն է։ Եթե այդ անձանց անունները կարեւոր չլինեին, ապա Ժիրայր Սեֆիլյանը մեկ առ մեկ այդ անունները նշած չէր լինի, բայց անունները եւ տեքստի բովանդակությունը պետք է միմյանց հետ ներդաշնակ լինեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություն
X