ՀՀԿ-ականներն ընդդիմանում են օրինագծին

Արդարադատության նախարարության ներրկայացրած Դատախազության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը թեպետ դրական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, բայց հավանության չի արժանացել պատգամավորների կողմից։ Հատկապես օրինագծում խնդիրներ են տեսնում եւ քննադատության ենթարկում ՀՀԿ-ի իրավական բլոկի պատգամավորները։ Առավել ակտիվ է նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, որը բուռն ելույթներ ունեցավ ինչպես նախորդ շաբաթ հանձնաժողովի նիստում, այնպես էլ երեկ՝ խորհրդարանում, երբ օրենքը դրվել էր քննարկման։ Կոստանյանն անգամ «սպառնաց»՝ եթե իր մատնանշած որոշ սկզբունքային հարցեր փոփոխության չենթարկվեն, ինքն անձամբ դեմ կքվեարկի այս օրենքին և հիշեցրեց, որ բազմաթիվ խնդիրներ կան նախագծում։

Իրականում Դատախազության մասին գործող օրենքում մի շարք բացեր կան, որոնք կարգավորելու, փոփոխություններ մտցնելու կարիք ունեն։ Նաև նոր Սահամանադրությամբ են պայմանավորված այս փոփոխությունները։ Այսօր շատ հարցեր գործող օրենքներով հստակ չեն կարգավորվում, օրինակ՝ ո՞վ պետք է երկրի գլխավոր դատախազին մեղադրանք առաջադրի, եթե պարզվի, որ դատախազը չարաշահում է թույլ տվել կամ օրենքի որևէ այլ խախտում։ Նոր օրենքով փորձել են այս հարցը հստակեցնել, ինչը կրկին անհստակություն է առաջացրել՝ հարուցելով պատգամավորների դժգոհությունը։ Նրանք ասում են՝ օրենքը պետք է փոխվի, բայց ոչ այս ձևով։

Նոր փոփոխությամբ, օրինակ, առաջարկվում է, որ գլխավոր դատախազին պետք է մեղադրանք առաջադրի նրա տեղակալը, բայց այստեղ ևս իրավաբանները խնդիր են տեսնում։ Խնդրահարույց է նաև այն կետը, թե գլխավոր դատախազը պետք է անպայման քրեական դատավարության մասնագետ լինի, մինչդեռ նախկին դատավախազներից մարդիկ են եղել, որ քաղաքացիական դատավարության կամ այլ ուղղությամբ են մասնագիտացած եղել։

Տարակարծությունների տեղիք է տվել նաև գլխավոր դատախազի տեղակալին մրցույթով կամ սեփական նախաձեռնությամբ նշանակելու դրույթը։ Ասում են՝ հստակեցրեք, որովհետև կարող է մեկը մյուսին խանգարել, և խանգարող հանգամանք կարող է դիտվել հատկապես գլխավոր դատախազի հայեցողության հարցը՝ մրցույթ անցկացնի՞, թե՞ իր նախընտրությամբ մեկին միանգամից նշանակի։ Պրոբլեմատիկ դրույթներից մեկն էլ այն է, որ նոր օրենքով թույլատրում են դատախազ նշանակվի նա, ով ժամանակին անզգույշ հանցագործության համար դատապարտվել է, սակայն ժամանակի ընթացքում այն մարվել է։ Ոմանց կարծիքով՝ պետք է առհասարակ արգելել դատապարտված անձին ստանձնել այդպիսի պաշտոն։ Օրինագծի քննարկումը կշարունակվի վաղը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X