Կոլբինի սինդրո՞մ

Ավագ սերնդի ընթերցողը պետք է հիշի, որ ԽՍՀՄ-ում առաջին զանգվածային ցույցերն ու անկարգությունները տեղի են ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում: Պատճառն այն էր, որ հանրապետության երկարամյա ղեկավար Դինմուհամեդ Ահմեդովի փոխարեն Մոսկվան նշանակել էր ազգությամբ ռուս Կոլբինին: Ի դեպ, քաղաքական այդ ճգնաժամից առավելագույն շահ ստացել էր Ղազախստանի ներկայիս նախագահ Նազարբաեւը, ում կառավարության ղեկավարից շուտով տեղափոխեցին Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնի, եւ միջադեպն, ինչպես ասում են, հարթվեց: Օրերս հրաժարականի «կամավոր դիմում է գրել» Դաղստանի ղեկավար Աբութալիբովը: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նրա փոխարինելու է ազգությամբ ավար, անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Մալիքովը: Հոկտեմբերի 3-ին, սակայն, ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել է պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասիլեւին եւ նրան նշանակել Դաղստանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: ՌԻԱ-Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը Վասիլեւին անվանել է դաշնային մակարդակի քաղաքական գործիչ, որոնց նմաններին սովորաբար անվանում են ծանր քաշային եւ ավելացրել, որ ներկայումս Դաղստանին հարկավոր է հենց նման մարդ: Պոստխորհրդային Ռուսաստանում սա առաջին դեպքն է, երբ ազգային ինքնավարության ղեկավարի պաշտոնը տրվում է դաշնային մակարդակի ծանր քաշային ռուս գործչի: Կրեմլում, ամենայն հավանականությամբ, հաշվի են առել Կոլբինի նախադեպը: Դրա համար էլ Վասիլեւի թեկնածությունը չեն ներկայացրել Դաղստանի խորհրդարանի հաստատմանը, այլ ընտրել են նրան ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու տարբերակը: Կհաջողվի՞ Վասիլեւին հաղթահարել Կոլբինի սինդրոմը, ամրապնդվել նոր պաշտոնում՝ կհետեւի նրա մշտական նշանակման ընթացակարգը: Իսկ եթե իրավիճակը սրվի, Կրեմլը կունենա նահանջի տեղ՝ ժամանակավոր պաշտոնակատարին միշտ էլ կարելի է փոխարինել տեղացի մեկով կամ գեներալ Մալիքովը կրկին կմղվի առաջին պլան: Ըստ երեւույթին, ամեն ինչ կունենա խաղաղ ընթացք: Հարցն այն է՝ Կրեմլը հակված է ունիվերսալացնե՞լ Դաղստանի փորձը, թե՞ դա առանձին վերցրած մեկ ազգային ինքնավարությունով էլ կավարտվի: Տպավորություն է, որ Ռուսաստանը գնում է երկրում կենտրոնադիր իշխանությունը էլ ավելի ամրապնդելու ճանապարհով: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին, մասնավորապես, գտնում է, որ պետք է վերադառնալ ցարական ժամանակների նահանգային վարչական բաժանմանը:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X