Հարսանիքների ֆենոմենը

Ինչո՞ւ է մեր հասարակությունն այդքան սիրում հարսանիք անել, հարսանիք գնալ, հարսանիքների մասին մանրամասներ կարդալ։ Հարսանիքի ինստիտուտն ինքնին շատ բան է ասում տվյալ հանրույթի մասին։ Այն մասին, թե ինչպիսի ճաշակ ու կուլտուրա ունի ազգը, ինչպիսի վերաբերմունք ունի իր ժառանգների, կյանքի շարունակության, ավանդույթների ու ծեսերի նկատմամբ։ Շատ կարեւոր է, թե ինչ երաժշտության տակ է տվյալ հանրույթն ուրախանում, ինչպես է կազմակերպում խնջույքները, ինչպես է զարդարում տոնական սեղանները, ինչ ուտեստներ է հրամցնում ամենաթանկ հյուրերին, ինչ ծիսակատարությամբ է կազմակերպում իր զավակների կյանքում ամենակարեւոր տոնը, ում է հրավիրում, ինչքան ժամանակ է պատրաստվում այդ միջոցառմանը եւ այլն։ Ինչքան ուզում է մարդը մեծահարուստ լինի, անգամ միլիարդատեր, հարսանիքի բնույթից եւ ծախսած գումարի չափից կարելի է ստույգ ասել՝ չտե՞ս է այդ մարդը, թե՞ տեսած, խելացի՞ է, թե՞ հիմար, սիրում է իր զավակներին եւ ուզում է նրանց տոնն իրենց սրտո՞վ լինի, թե՞ հարսանիքն ընդամենը միջոց է մեծանուն հյուրերի հրավիրելու, նրանց քծնելու, իր կարգավիճակն ընդգծելու եւ իր ազդեցությունն արհեստականորեն մեծացնելու համար։ Հարսանիքի հյուրերի ցանկն ուսումնասիրելով՝ կարելի է շատ բան իմանալ հարսանքատիրոջ մասին։ Սակայն հրավերն ընդունողների մասին էլ կարելի է որոշ եզրակացություններ անել։ Ասենք, վստահ չեմ, որ որեւէ այլ երկրում երկրի նախագահն ու իր տիկինն այդքան շատ հարսանիքների են մասնակցում, եւ առաջին լեդին որեւէ մեկի հարսանիքին անձամբ երաժշտական համար է կատարում։ Աշխարհն ունի ակտիվ կանանց օրինակներ՝ Լեդի Դի, Ռաիսա Գորբաչովա, Կառլա Բրունի, Մարգարետ Թետչեր եւ այլք, բայց նրանցից ոչ մեկը հարսանիքներին մասնակցելու հանդեպ սեր չի ունեցել։

Մեկնաբանություն
X