Քրեածին իրավիճակը լիցքաթափելու լուծում է առաջարկում

Մինչ Հայաստանում ստեղծված քրեածին իրավիճակին, հաճախակի դարձած վենդետաներին, Երեւանի փողոցներում օրը ցերեկով փոխհրաձգություններին ոստիկանապետ Վովա Գասպարյանն իր բացատրությունն ունի, որ «տականքը մնում է տականք, նա հայրենիք չունի», իսկ ոստիկանությունն իր առջեւ դրված խնդիրները լավ է կատարում, եւ չբացահայտված հանցագործություններ չկան, նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը կարծում է, որ, բացահայտումներից բացի, պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ օրը ցերեկով ալավերդցի հայտնի Աբգարյանների կլանների միջեւ հերթական բախումը տեղի ունեցավ, հնչեցին կրակոցներ, դրանից մի քանի շաբաթ առաջ էլ Էջմիածնում կրակոցներ հնչեցին, կրկին քրեական հեղինակություներ Դոն Պիպոյի եւ Արտյոմ Կանեւսկոյի կլաններն էին հաշիվներ պարզում, երկու միջադեպերի արդյունքում էլ մարդկային կյանքեր խլվեցին։ Մինչդեռ անկախության տոնի առիթով Եռաբլուր այցելած Վովա Գասպարյանը վստահեցրեց․ «Ոստիկանությունն աչք չի փակում, չբացահայտվող հանցագործություններ չկան: Բացահայտման դինամիկան շատ լավն է, այդ թվում՝ նաեւ անցած երկու դեպքերը: Մեկը բացահայտվել է՝ շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվելու է՝ էլի շուտ կբռնենք»:

«Մենք անընդհատ խոսում ենք հանցագործությունները բացահայտելու մասին, մինչդեռ մոռանում ենք, որ իրավապահ մարմինները բացահայտելուց առաջ ունեն կանխարգելիչ եւ նախականխարգելիչ ֆունկցիա»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ իրավապահների աշխատանքին՝ նշեց Գեւորգ Կոստանյանը՝ շեշտելով․ «Շատ կարեւոր է, որ կանխարգելիչ ֆունկցիան պատշաճ մակարդակի վրա դրվի, դա միշտ է եղել խնդիր եւ ոչ միայն մեր երկրում, այլեւ շատ ու շատ երկրներում։ Եթե կանխարգելիչ ֆունկցիան 100 տոկոսով իրականացվի, աշխարհի որեւէ երկրում հանցագործություն չի լինի»։ Կոստանյանը, սակայն, ողջ «մեղքը» չբարդեց նախկին կոլեգաների՝ ուժային համակարգի աշխատակիցների ուսերին, այլ խոսեց հասարակության մենթալիտետի գործոնի մասին․ «Եկեք ընդունենք, որ մեր հասարակությունում էլ է խնդիրը, բոլորը չէ, որ գնում եւ իրավապահ մարմիններին են դիմում, շատ դեպքերում մարդը խնդիր է ունենում, չի դիմում իրավապահներին, այլ վրեժխնդրությամբ լցված՝ գնում եւ ինքն է հարցեր լուծում»։ Կոստանյանը շեշտեց նաեւ, որ հանցավորության պատճառները բազմաթիվ են՝ սկսած սոցիալ-տնտեսականից, վերջացրած բարոյահոգեբանական-մշակութայինով։ «Իհարկե, չափազանց կարեւոր նշանակություն ունի իրավապահ համակարգի աշխատանքը, որովհետեւ ցանկացած դրսեւորումների դեպքում ե՛ւ Սահմանադրությամբ, ե՛ւ բոլոր օրենքներով սահմանվում է պատասխանատվության անխուսափելիության սկզբունք։ Ամբողջ պետական ապարատը եւ, մասնավորապես, իրավական համակարգն իր ամբողջ գործունեությունը պետք է ուղղի եւ ուղղում է անպատժելիության մթնոլորտի վերացմանը, եթե մեր երկրում եւ որեւէ երկրում մենք ունենանք պատասխանատվության անխուսափելիության սկզբունք, ես չեմ խոսում անպայման խիստ պատժի մասին, այլ անպայման պետք է պատժվի, թեեւ մեղմ, բայց պարտադիր, դա մեխանիկորեն հանգեցնելու է անպատժելիության մթնոլորտի վերացմանը»։ Կոստանյանը հիշեց, որ երբ գլխավոր դատախազ էր աշխատում, խորամուխ է եղել եւ պարզել, որ ցանկացած կրկնվող հանցագործության պատճառը նախկինում կատարված մի քանի հանցագործություններն են, որոնց ժամանակ անձը չի պատժվել։ Մեր զրուցակցի խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել հանցավորության դեմ պայքարը․ «Վենդետան դա շատ վատ բան է եւ անպատժելիության մթնոլորտի արդյունք է։ Եթե կա վենդետա, ապա նշանակում է, որ ինչ-որ փուլում, իրադրությունում անպատժելիություն է եղել»։

Մինչդեռ Հայաստանում գողականներն ու քաղաքական խավն այնքան են սերտաճել, որ դասակարգային համարվող թշնամիներն այլեւս դարձել են անպատժելի։ Անգամ ոստիկանապետը չի հերքում Հայաստանում նրանց գոյությունը, վկան Եռաբլուրում իր իսկ հայտարարությունն էր այն մասին, որ Հայաստանում «օրենքով գողերը գառի նման խելոք են իրենց պահում...»։ Վովա Գասպարյանին ցիտելով՝ նախկին գլխավոր դատախազից հետաքրքրվեցինք, թե հնարավոր համարո՞ւմ է, որ նման իրավիճակում, երբ ոստիկանապետն ըստ էության արտառոց չի համարում նշված տարրերի գոյությունը, վերացվի անպատժելիության մթնոլորտը, եւ ձեռնարկվեն պատշաճ կանխարգելիչ գործողություններ, սակայն Կոստանյանը չցանկացավ մեկնաբանել Գասպարյանի խոսքերը․ «Ես չգիտեմ ոստիկանապետն ինչ արտահայտություն է արել ու ձեռնպահ կմնամ թե՛ այդ թեմային անդրադառնալուց, թե՛, առավել եւս՝ ոստիկանապետի հայտարարությունը մեկնաբանելուց»։

ՀԳ․ Ի դեպ, խելոք դատողություններ բոլորը կարող են անել, բայց երբ բանը հասնում է կոնկրետ գործողություններին, հազար ու մի բացատրություն են գտնում դա չանելու համար՝ ինչպես ժամանակին նույն Գեւորգ Կոստանյանը քրեական հետապնդում չիրականացրեց Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ՝ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, նոր հանցանքների կրկնման հիմք ստեղծելով:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X