Քաղաքականություն

Կարեն Կարապետյանին մենք էլ ենք քննադատում, «Ելքն» էլ է քննադատում

Մամուլում սկսել են գրել, թե «Ծառուկյան դաշինքի» անդամներին հանձնարարվել է խիստ քննադատության ենթարկել վարչապետին եւ կառավարությանը։ Կամ հանձնարարությունն է Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումների արդյունքը, կամ քննադատությունն է ստուգումների արդյունքը։ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ միանգամից հերքեց քաղաքական կապը՝ նշելով, որ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ դրանք հերթական ստուգումներ են, որոնք պետք չէ քաղաքականացնել։ Իսկ վարչապետի ու կառավարության մասով չթաքցրեց իրենց դժգոհությունը․ «Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ հանրությանը չի բավարարում կառավարության աշխատանքը, չեն գոհացնում աշխատանքի տեմպերը, մենք էլ մեր ընտրողների կարծիքը փոխանցում ենք, որ մենք բավարարված չենք կառավարության աշխատանքից»։

- Կոնկրետ ի՞նչը ձեզ չի բավարարում, եթե համեմատենք նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ։

  • Մեզ չի բավարարում հատկապես ստեղծված հանրային արժեքների բաշխումն ու վերաբաշխումը։ Այսինքն՝ խիստ մենաշնորհված ոլորտները գումարները կուտակում են շատ փոքր զանգվածի մոտ, եւ վերաբաշխում տեղի չի ունենում։ Այդ իսկ պատճառով հանրային կյանքում ե՛ւ տեսանելի չեն, ե՛ւ ընկալելի չեն կառավարության հայտարարած տնտեսական զարգացման տեմպերը։

- Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարողանո՞ւմ էր այդ վերաբաշխումները ճիշտ կատարել։

  • Մենք մեր քննադատության մեջ շեշտել ենք, որ բոլոր կառավարությունները մեզ չեն գոհացրել։

- Ամեն դեպքում, հասարակության հիշողության մեջ թարմ է, որ ԲՀԿ-ն ժամանակին արշավ էր սկսել Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ եւ առիթը բաց չէր թողնում նրան քննադատելու համար, մինչեւ որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց։ Կարո՞ղ է նույն սցենարը հիմա էլ եք փորձում կրկնել։

  • Մենք մեր ամենօրյա աշխատանքն ենք կատարում։ Մենք ընդդիմություն ենք եւ պարտավոր ենք ակնդետ հետեւել կառավարության աշխատանքին։ Թերություններ տեսնելիս անպայման բարձրաձայնում ենք։ Բացի դրանից էլ, եթե մեզ մեղադրում են նախկինում վարչապետին քննադատելու կամ եւ այլնի մեջ, ապա բոլոր մահացու մեղքերի մեջ ԲՀԿ-ին մեղադրում են։ Բայց իրականությունն այն է, որ մենք կոնստրուկտիվ աշխատանք ենք կատարում։

- Չենք մեղադրում, պարզապես հիշեցնում ենք, թե ինչպիսին էր ԲՀԿ-ի քաղաքական կուրսն այն ժամանակ։

  • Հիմա տեսեք, մենք իրական վերլուծություն ենք անում եւ ներկայացնում ենք հանրությանը։ Եթե հանրությունը գոհ է այս աշխատանքից, բնականաբար՝ մեր քննադատությունը տեղին չի լինի։ Բայց կարծում եմ՝ ցանկացած սոցիոլոգիական հարցում կապացուցի, որ բնակչության ճնշող մեծամասնությունը բավարարված չէ կառավարության աշխատանքից։ Այն, ինչ մենք բարձրաձայնում ենք ու վերածում ենք կոնկրետ ոլորտային թվերի եւ վերլուծությունների։

- Բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ էր նաեւ Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքից, բայց ԲՀԿ-ն առանձնապես շատ դժգոհ չէր։

  • Մենք, նորից եմ ասում, առանց հանձնարարելու քննադատել ենք բոլորին, առնվազն վերջին երեք կառավարությունների քննադատությանը ես տեղյակ եմ։

- Չափաբաժնի խնդիր կա, Տիգրան Սարգսյանին շատ մեծ չափաբաժնով էիք քննադատում, Հովիկ Աբրահամյանին՝ ավելի մեղմ, Կարեն Կարապետյանինն էլ նոր պետք է զգացվի։ Ամպլիտուդների տարբերությունը շատ մեծ է։

  • Չափն ավելի շատ լրատվամիջոցների դիրքորոշումներից կարող է կախված լինել, որովհետեւ իրապես քննադատվել է կառավարության գործունեությունը։ Բայց ես, անկեղծ, պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ չգիտեմ, թե չափաբաժինն ինչպես է հաշվարկված։ Եթե Դուք ներկայացնեք, որ, տեսեք՝ այսքան րոպե քննադատել եք այս կառավարությանը, այսքան րոպե՝ մյուս կառավարությանը։ Մենք էս պահին էլ ենք ոլորտային քննադատության ենթարկում, նախկինում էլ ենք դա արել։

- Նախկինում ավելի շատ անձնավորված քննադատություն էր, օրինակ՝ Տիգրան Սարգսյանի դեպքում։

  • Անձնավորվածը չի իմաստավորվի, որովհետեւ կառավարության ղեկավարի անձով պայմանավորված չէ, ավելի շատ համակարգային է։ Եթե դիրեկտիվ իջեցված է կատարվելիք աշխատանքները, տնտեսության զարգացման կոնկրետ թիրախներ են մատնանշված, կառավարությունն իրագործում է։

  • Եթե անձնավորված չէ, այդ դեպքում ինչո՞ւ էին պահանջում Տիգրան Սարգսյան անձի հրաժարականը։

  • Ինչ-որ կետից, երբ որ թիրախավորված բոլոր գործառույթները չեն իրականացվում, եւ քննադատությունները դառնում են իսկապես ահագնացող եւ տեսանելի, եւ դրանք համապատասխանում են նաեւ իշխող կուսակցության կարծիքներին, բնականաբար՝ նաեւ գործողություն է կատարվում, կառավարություն է փոխվում։ Հավանաբար, Ձեր ասած դեպքերն այդ ցիկլերի մեջ են։

- Լավ, այսօր Կարեն Կարապետյանին ու նրա կառավարությանը քննադատելու հատուկ հանձնարարական կամ մոտիվացիա ունե՞ք։

  • Իհարկե, չկա նման հանձնարարություն եւ չի կարող լինել, որովհետեւ, եթե դու պատգամավոր ես, դու պետք է քո խղճով գործես եւ քո վերլուծությունը կարողանաս կատարել։ Այսինքն՝ եթե որեւէ կառավարություն լավ աշխատանք ունի եւ տեսանելի է բոլորին, ինչպե՞ս կարող ենք մենք քննադատել կամ փորձել ինչ-որ բան գտնել այդ գործունեության մեջ։

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ԲՀԿ-ին, այս դեպքում՝ «Ծառուկյան դաշինքին» մատնացույց անում՝ որպես նման դեպքերում առանձին լեգեոն, որ կարող է պետք եղած ժամանակ մարտի նետվել։

  • Ճիշտն ասած՝ ես նույն հարցադրումն ունեմ ԶԼՄ-ներին․ ինչո՞ւմն է խնդիրը, եթե հենց մամուլում արձանագրված վերջին փաստը դիտարկենք, երբ ընդամենը երեք ԲՀԿ-ական է դիմել բնակարանի վարձավճարի համար եւ յոթ հոգի՝ իշխանությունից, դուք չեք մատնանշում իշխանությանը, բայց բոլոր թերթերը միաժամանակ գրեցին, որ ԲՀԿ-ից երեք հոգի դիմել են այդ հարցով, եւ ամենածայրահեղ քննադատության ենթարկեցիք կուսակցությանը։ Որտե՞ղ է այստեղ արդար մոտեցումը, երբ իշխանության այդ յոթ հոգու մասին որեւէ բառ չի գրվում, եւ միայն մատնանշում եք «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներինը։ Հետեւաբար, դուք նույնկերպ, նույն անալոգով «Ծառուկյան դաշինքին» եք թիրախավորում այս հարցում եւ որեւէ այլ քաղաքական ուժի չեք քննարկում ու չեք փորձում քննադատել։

- Տրամաբանությունը թերեւս այն է, որ դուք երկրորդ քաղաքական ուժն եք, ձեր խոսքն ավելի ազդեցիկ կարող է լինել, քվեարկությունների հարցում էլ մեծ է ձեր կշիռը, նաեւ ինչ-որ մեկին ոչնչացնելու համար էլ ձեր ռեսուրսներն ավելի մեծ են։

  • Ձեր ասած տրամաբանությամբ՝ Հանրապետական կուսակցությունն առաջի՞նը չէ։ Կարեն Կարապետյանին մենք էլ ենք քննադատում, «Ելքն» էլ է քննադատում։ Բնականաբար, մեր ռազմավարությունները տարբեր են։

- Պարզապես իշխանությունները սիրում են իրենց ցանկություններն ուրիշի ձեռքով իրագործել, եւ կասկած կա, որ այս պարագայում հենց ԲՀԿ-ի միջոցով են փորձում որոշ հարցեր կարգավորել։

-Ես իշխանության նախասիրությունները խորը չեմ ուսումնասիրել, բայց ԲՀԿ-ի հետ կապված՝ իրենք չարաչար կսխալվեն, եթե հույս ունենան, որ ԲՀԿ-ն պետք է իրենց օգնի կառավարության ծրագիր ներկայացնելիս, կամ վատ աշխատելու դեպքում մենք իրենց կարող ենք խրախուսել։ Չկա նման բան, մենք իրենց վատ աշխատանքն անընդհատ քննադատելու ենք։ Եթե լավ ձեռքբերումներ կլինեն, պատրաստ ենք հասարակության հետ միասին նաեւ խրախուսել, ինչո՞ւ չէ որ։ Բայց թող իրենք իրենց արածը ներկայացնեն եւ խրախուսեն։ Մենք իրենց չարածն ենք բարձրաձայնելու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X