800 հեկտարը կարող է գնալ, կարող է վերադառնալ...

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի ԱԺ արտահերթ ռեժիմով քննարկումը երեկ վերածվեց ռազմահայրենասիրական դասի, որի ընթացքում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին տաքուկ անկյուններից հարցազրույցներ տվող իշխող ուժի ներկայացուցիչներն իրենց զգում էին գրեթե ռազմաճակատում եւ թմբկահարում հայոց բանակի ու զինված ուժերի անպարտելիության մասին, «ուռա-հայրենասիրական» կոչերով փաստում մեր տարած «հաղթանակը», այն պարագայում, երբ քառօրյայի արդյունքում Հայաստանը, պաշտոնական վիճակագրությամբ, մոտ հարյուր զոհ տվեց եւ 800 հեկտար ստրատեգիական նշանակության ռազմական դիրքի կորուստ ունեցավ։ «Ելք» խմբակցության պատգամավորների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան, թե ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանը տարածքային կորուստ է ունեցել ապրիլյան պատերազմում, Շարմազանովը նետվեց հակագրոհի։ «Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարտվել է, Ադրբեջանը կատարյալ ֆիասկո է ապրել, արցախյան զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունը, մենք չենք պարտվել, Արցախը հաղթել է»,- շարեց ԱԺ փոխխոսնակը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում երկրորդեց գործընկերոջը։ Իսկ 800 հեկտարի կորո՞ւստը՝ հարցրինք մենք։

«800 հեկտարը կարող է գնալ, կարող է վերադառնալ, կարեւորն այն է, որ ադրբեջանցիների երազանքը չկատարվեց, հայոց բանակը թշնամու անակնկալ հարձակման դեպքում կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ հակահարված տալ»։ Իսկ ծրագրո՞ւմ եք հետ վերադարձնել կորցրած տարածքը։ «Նման բաների մասին բարձրաձայն չենք խոսում»։ Պարզվում է՝ Ադրբեջանը, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, նպատակ է ունեցել «ճեղքել Աղդամը, գրավել Ստեփանակերտը», ինչը չի հաջողվել, եւ ինչն էլ այսօր հաղթանակ են որակում։ Այսինքն՝ եթե վաղն Ադրբեջանը գրավի Ստեփանակերտը, բայց մտքում ունենա Երեւանը գրավելը, կարելի է դա էլ հաղթանակ անվանել՝ հղում անելով նրանց վերջնական մտադրությունների տապալմանը։ Մինչդեռ պատերազմի օրերին եւ դրանից անմիջապես հետո ամենուրեք քննարկվում էր, որ ադրբեջանական հերթական դիվերսիան հաջողվել է՝ մեր դիրքերում բարձիթողի վիճակի, թերի սպառազինությունների, վատ պատրաստության պատճառով։ Վահրամ Բաղդասարյանը սրան էլ առարկություն ունի․ «Եթե բարձիթողի վիճակ էր, ինչպե՞ս իրենք 2 հազար զոհ տվեցին»։

Մեկնաբանություն
X