«Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի խաբված աշխատակիցները պահանջում են վճարել նախորդ տարվա աշխատավարձերը

«Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի ներկա եւ նախկին 325 աշխատակիցներ հայտնվել են խաբված վիճակում․ 300 աշխատակիցներին վճարել են կիսատ աշխատավարձեր, 25 հոգունն էլ չեղյալ են հայտարարել։ Նրանցից ոմանք պայքարում են այդ աշխատավարձերի համար եւ պատրաստվում են դրա համար հանդիպում պահանջել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այսօր «Աշտարակ-կաթ»-ի խաբված աշխատակիցները հրավիրել էին մամուլի ասուլիս։ Աշխատակիցներից Սոնա Բադալյանը պնդում էր, որ իրենք չեն ստացել անցյալ տարվա երեք ամսվա՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների աշխատավարձը։ Աշխատակիցների շահերը ներկայացնող իրավաբան Հայկազ Մակարյանը նշեց, որ ինքը զրուցել է մի քանի տասնյակ աշխատակիցների հետ ու պարզել, որ նրանց անունները համակարգչում գրված են, որ ստացել են աշխատավարձերը, սակայն ստորագրությունները չեն եղել։ Իսկ «Աշտարակ- կաթ»-ի աշխատակիցներից մեկն էլ ասել է, որ թող ժամանակին գային, ստանային աշխատավարձերը։ Հայկազ Մակարյանը հիշեցրեց, որ փաստաթղթերի եւ կնիքների կեղծման համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ։ «Եթե եղել է այդպիսի կեղծիք, ապա մեկ գրչի հարվածով այդ մարդկանց պատասխանել են, որ չկա ստորագրություն, սակայն համակարգչով տեսնում ենք, որ դիցուք Մելիքսեթ Սահակյանը ստացել է մեկ միլիոն դրամ։ Սակայն իրականում այդ մարդը ո՛չ ստորագրել է, ո՛չ էլ անդորրագիր ստացել»,- ասաց Հայկազ Մակարյանը։

Հարցին, թե գործը հասե՞լ է դատարան, իրավաբանն արձագանքեց, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ, ըստ ընթացակարգի, չեն կարող բավարարել մի քանի հոգու պահանջները, որովհետեւ նրանց ներկայացրած հայցը դատարան օրենքի պահանջներով չի բավարարում իրականությունը։ Հայկազ Մակարյանը նշեց, որ աշխատակիցներից մեկի աշխատավարձը կազմել է մեկ միլիոն դրամ, կան մարդիկ, որոնք պետք է ստանային մեկ միլիոն դրամ, սակայն նրանց անվան դիմաց գրված է 500 հազար։ «Առկա է փողերի յուրացում, այլ բառ ես այստեղ չեմ տեսնում»,- ասաց նա։ Հետո նա մեջբերումներ արեց ՀՀ Սահմանադրությունից, «Աշխատանքային օրենսգրքից» եւ մի քանի այլ օրենքներից, համաձայն որոնց՝ գործատուն պարտավորվում է կոլեկտիվ վեճերի ժամանակ մարդկանց շահերը եւ իրավունքները պաշտպանել օրենքով։

Խաբված աշխատակիցները ժամանակին երթով գնացել են կառավարություն, պահանջել, հանդիպում Կարեն Կարապետյանի հետ, որովհետեւ վարչապետը հանձնարարական էր տվել, որ զբաղվեն այդ հարցով։ Սակայն նրանց ընդունել է վարչապետի խորհրդականներից մեկը եւ ցույց տվել դատարանի տեղը։ Հայկազ Մակարյանը պնդում է, որ աշխատակիցների աշխատավարձերը կիսով չափ կրճատված են։

Նշենք, որ «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերությունը 29․11․2016թ․ դիմում է ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով։ Նույն դատարանի 30․11․2016թ․ որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, նույն որոշմամբ սնանակության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը։ Եվ նույն դատարանի 19․12․2016թ․ վճռով «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։

«Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի նոր տնօրենն, ըստ աշխատակիցների, ծագումով արցախցի է, եւ իրենք նրանից ոչ մի պահանջ չունեն, ժամանակին վճարում է աշխատավարձը։ Բողոքավոր աշխատակիցները, ցավոք, չգիտեին, թե ով է նոր տնօրենը, անուն-ազգանունն էլ չէին լսել։ Նրանք ասում էին, որ իրենք տուժել են նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանի պատճառով։

Հայկազ Մակարյանն ասում է, որ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն սնանկության եզրին հայտնվելու պատճառով աշխատակիցներին ասել են, թե՝ բավարարվեք այնքան աշխատավարձով, որքան տալիս ենք։ Լրագրողների հարցին, թե կնքե՞լ են պայմանագիր, որքա՞ն աշխատավարձ են ստացել, աշխատակիցներն ասացին, որ իրենք սեզոնային աշխատողներ են, աշխատել են պաղպաղակի արտադրամասում, պայմանագրում էլ ամրագրված է եղել 78 հազար դրամ։ «Ոնց որ ասում են՝ սեւով այդպես էին վճարում»,- ասացին նրանք։ Եթե մամուլի ասուլիս հրավիրողները երեք ամսվա աշխատավարձ չէին ստացել, ապա կան նաեւ մարդիկ, որոնք տարվա կտրվածքով չեն ստացել իրենց աշխատավարձը։

Հայկազ Մակարյանն առաջարկում է, որ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ում անցկացնեն աուդիտ եւ պարզեն իրողությունը։ Հիմա «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են դիմել ՀՀ վերաքննիչ դատարան եւ նորից հանդիպում խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Մեկնաբանություն
X