«Գնա մեռի, արի սիրեմ»-ն այլևս արդիական չէ

Վերջերս գերեզմանատներից մեկում աչքովս մի տապանաքար ընկավ՝ «Մորս կյանքի խարտոցը» մակագրությամբ: Մի քանի անգամ կարդալուց ու դժվարությամբ «մարսելուց» հետո փորձեցի հասկանալ այն զավակին, որի կյանքի դառնությունները չեն «սրբագրվել» նույնիսկ ծնողի անդառնալի կորստից հետո, եւ նա հոր գերեզմանին նախատինք է փորագրել: Մարդն ինչքա՞ն չար ու դաժան պետք է եղած լինի կնոջ, ընտանիքի հանդեպ, որ մահից հետո անգամ չարժանանա զավակի գթասրտությանը: Ի՞նչ աններելի սխալներով պետք է ապրած լինի, որ նույնիսկ հետմահու ներման չարժանանա:

Օրերս էլ կյանքից հեռացավ հայ նախկին պաշտոնյաներից մեկը: Ֆեյսբուքի որոշ օգտատերեր բոթն ընդունեցին ուրախացող սմայլիկներով: Մարդիկ գտնվեցին, որ մահացածի ապրած կյանքն անիծող ու մահը որպես աչքալուսանք նշող ստատուսներ գրեցին: Չուշացան նաեւ մեռնողի ետեւից չարախոսողներին «կարգի հրավիրող» մեկնաբանությունները: Ոմանք եզրակացնում էին՝ եթե կենդանության օրոք չեք ասել, հիմա էլ լռեք։ Անշուշտ, սրա մեջ որոշ ճշմարտություն կա։ Բայց չեմ կարող համաձայնել նրանց հետ, ովքեր ասում են․ «Մեռածի ետեւից՝ կա՛մ լավը, կա՛մ՝ ոչինչ»: Չգիտեմ՝ ում մտքի փայլատակումն է սա, բայց հաստատ պետք է վերախմբագրվի: Կարո՞ղ ենք արդյոք հետմահու լավով հիշել այն մարդուն կամ մարդկանց, որոնց պատճառով երկիրը դատարկվում, տնտեսությունն օր օրի քայքայվում է, չնայած պաշտոնական թվերն այլ բան են ասում, կամ նրանց, ովքեր ծանր հանցանք են գործել, դժբախտացրել այլ անձանց: Կարո՞ղ ենք ներել 21-րդ դարում 80-ականների զենքով կռվող երիտասարդ տղաների կյանքը խաղադրույքի վերածած պաշտոնյաներին: Կամ՝ գողերին, թալանչիներին, ընտրությունները կեղծողներին կարո՞ղ ենք ներել:

Չէ, իրերը պետք է կոչել իրենց անուններով: Լավին լավ ասել, վատին՝ վատ: Պետք է այնպես ապրել, որ հայ դասականի ասածի պես՝ քեզնից հետո լավ անուն թողնես: Թե չէ՝ ի՞նչ է ստացվում. սպանում, կեղեքում ու թալանում են՝ հույս փայփայելով, որ անբարո կյանքից հետո փառքի լուսապսակով են հողին հանձնվելու, որ իրենց պատվին ներբողներ են ձոնվելու, եւ պատմություն է գրվելու, որտեղ դրական հերոսն իրենք են լինելու։
Տապանաքարին մակագրություն թողած մարդը գուցե առաջիններից է, որ անկեղծ է գտնվել իր գնահատականներում, չի կեղծել իր ընտանիքի պատմությունը նույնիսկ ծնողի մահից հետո:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X