Ամուսնուս թափած արյան կաթիլն անարգած կլինեի, եթե...

Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի կինը՝ Մարիամ Գրիգորյանը, վիրավորանքից տեղը չի գտնում: Ֆիլադելֆիայում ապրող ինչ-որ Հելենա խաղացել է երիտասարդ այրու զգացմունքների հետ:

Մարիամը պատմում է՝ Հովսեփի զոհվելուց հետո Ֆիլադելֆիայի հայ համայնքը 1200 դոլար էր հանգանակել եւ ուղարկել: Ինքը շոյվել է ամերիկահայերի վերաբերմունքից, հասկացել, որ կորստի ցավը միայն իրենը չէ, որ տառապանքի եւ նեղության պահին բազմաբեկոր ազգն իրեն ու իր նմաններին մենակ չի թողնում:
Ճիշտ է՝ ուշադրությունը ցավը չի մեղմել, բայց տեղ է թողել, որ վաղը, մյուս օրն իր երկու տղաներին պատմի, թե ինչպես դրսի ու ներսի հայերը մեկ մարդու պես նեցուկ եղան, գոտեպնդեցին ու ապրելու ուժ տվեցին իրեն:

Պատերազմի հիշողությունները դեռ թարմ են: Մինչեւ հիմա էլ չի հասկանում, թե ինչպես, ինչ գերբնական ուժով մանկահասակ երկու տղաների հետ դուրս պրծավ թոհուբոհից ու հասավ Աղավնատուն՝ հարազատների մոտ: Ականջներում դեռ Հովսեփի ձայնն է, որ լսում էր վերջին անգամ․ «Մարիամ, դու ուժեղ ես, դու կարող ես…»։
Եվ, ահա, այդ հիշողություններով ծանրացած՝ հանկարծ թակում են դուռը: Անծանոթը, որ ներկայանում է «բարերար» Հելենայի տատիկ-պապիկի ներկայացուցիչ, ետ է պահանջում 1200 դոլարը, որ համայնքը հանգանակել եւ մեկ տարի առաջ ուղարկել էր որպես օժանդակություն:

«Անկեղծ ասած՝ զարմացա, բայց ինձ թույլ էլ չտվեցի հարցնել, թե ինչու են ետ ուզում: Վերադարձրի: Իմ ամուսնու թափած արյան վրա ես գումարային խոսակցություններ չեմ անում, ամոթ է, վիրավորական է: Նրա արյան կաթիլն անգամ անարգած կլինեի, եթե հարցուպատասխանի բռնվեի հետը: Երբ Հովսեփն ու մյուս հերոս տղաները մահվան հետ կռիվ էին տալիս, հաստատ փողի մասին չէին մտածում»:

Մարիամը նույնիսկ չի էլ ցանկացել խայտառակ այս դեպքի մասին բարձրաձայնել: Բայց հետո հասկացել է, որ բարի սամարացի ներկայացող ստահակի մասին բոլորը պետք է իմանան: Առաջին հերթին Ֆիլադելֆիայում ապրող այն հայերը, որոնք մասնակցել են հանգանակությանը: «Ես շնորհակալ եմ, որ մտահոգվել, գումար եք հավաքել, բայց պետք է ասեմ, որ այդ 1200 դոլարը ետ եմ վերադարձրել»:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X