Կինոմիության համագումարում ձայնս տալու եմ «+Կինո»-ին

Ինչպե՞ս թե՝ «ձայնս տալու եմ «+Կինո»-ին»՝ կհարցնեք դուք: Այո, հենց այդպես: Ուղիղ իմաստով՝ քվեաթերթիկով: Իմ այս որոշումը ոչ թե դեկլարատիվ բնույթ է կրում, այլ խորհրդանշական քայլ է՝ ուղղված «+Կինո» ամսագրի պահպանությանն ու հետագա զարգացմանը: Պարբերական, որն արդեն 9 տարի անընդմեջ անդրադառնում է ոչ միայն կինոարվեստին, այլեւ կինոն սինթեզող մշակույթի ճյուղերին՝ թատերական արվեստին, երաժշտությանը, գեղանկարչությանը, ինչո՞ւ չէ՝ նաեւ գրականությանը, կիրառական արվեստին, քաղաքաշինությանը, գեղարվեստական լուսանկարչությանը: Այսօր արդեն կարող եմ փաստել, որ «+Կինո»-ն ազգային մեր մշակույթի հին ու նոր սերունդներին կապող, կայացած ամուր մի օղակ է, որում ներկայանալն ու հրատարակվելը, անշուշտ, պատվաբեր են դարձել: Այս մասին ես խոսք չէի բացի, եթե մի առիթով չլսեի, որ տպագրական առումով շատ թանկ է նստում: Այո, դա ճշմարիտ է, ստեղծագործական միության համար տարեկան կտրվածքով ավելի քան 6 մլն․ դրամ ծախսելը գուցեեւ թանկ է: Սակայն պարբերականի կատարած ֆունկցիան եւ գործունեությունը լիարժեք արդարացված են: Այդ ամենը չմանրամասնեմ եւ մամուլի տեսության նյութ չդարձնեմ:

Եվ, ինչպես Ռուսաստանի եւ Հայաստանի արվեստների վաստակավոր գործիչ, հանրահայտ կինոտեսաբան Արմեն Մեդվեդեւն է պարբերականի 34-րդ համարում գրել, «…«+Կինո» ամսագիրը հետխորհրդային տարածքում կինոարվեստին նվիրված հազվադեպ մի հրատարակություն է, որն անպայման պետք է պահպանել: Եվ անպայման անհրաժեշտ է, որ հանրապետությունը, Հայաստանի կառավարությունն աջակցեն, որովհետեւ կինոտեսությունը հասարակության կենդանի միտքն է, դա կինեմատոգրաֆիստների վերաբերմունքի արտահայտությունն է այն բանի նկատմամբ, թե իրենք ինչ են անում: Եվ, ահա, ամսագիրն այդ ամենն իր մեջ է կենտրոնացնում: Դա շատ հետաքրքիր հրատարակություն է, եւ տա Աստված՝ երկար կյանք ունենա»:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Այո, ես շատ կցանկանայի, որ նորընտիր նախագահը գնահատի կինոմամուլի դերն ու նշանակությունը եւ պահպանի ու զարգացնի եղածը: Թե չէ արդեն քառորդ դար է, ինչ մեզանում մի չգրված օրենք է գործում: Մարդուն պաշտոնանկ անելուց (այս դեպքում՝ մահվանից) հետո, փոխանակ լավագույնը պահպանվի, լավ հիմքի վրա մի քար էլ ավելացվի, նոր եկածը եղածը ոչնչացնում է եւ շատ հաճախ տեղը ոչինչ չի ստեղծում:

Ահա թե ինչու հոկտեմբերի 7-ին կինեմատոգրաֆիստների մեր արտահերթ համագումարում ձայնս տալու եմ մեր մշակույթում արդեն իսկ կայացած «+Կինո» ամսագրին: Դա խորհրդանշական ազդակ կամ կոչ է նաեւ նորընտիր նախագահին, որ իր գործունեությամբ տեր կանգնի ազգային արժեքներին, զերծ մնա խմբակայնությունից ու թայֆաբազությունից եւ գործի հանուն կինոմիության յուրաքանչյուր անդամի ու հայ կինոյի զարգացման ընդհանուր շահերի….

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X