«Գազպրոմ Արմենիայի» համար դատարանի որոշումը հիմք չէ՞

Ավանի Իսահակյան 2/2, բնակարան 48 հասցեի բնակիչ Ռազմիկ Ներսիսյանի բնակարանի գազն 8 ամիս առաջ անջատել են ու մինչ օրս չեն միացնում։ Քաղաքացին մեզ պատմեց, որ 8 ամիս առաջ գազի տարածքային վարչությունից եկել եւ իրենց հարկում աշխատանք են տարել, հարեւանի գազն են քաշել։ Դրա հետեւանքով գազի աշխատակիցները, ոչ դիտավորյալ, վնասել են Ռազմիկ Ներսիսյանի գազի հաշվիչը։ Ամսվա վերջում Ներսիսյանը պարզել է, որ հաշվիչն սկսել է շատ փող գրել, բայց ինքն այդքան գազ չի ծախսել։

«Ես միայնակ ապրող մարդ եմ, գազ չեմ ծախսում համարյա, անգամ կոֆե չեմ դնում, իմ գազի վարձն ամիսը 1000-1500 դրամից չի անցնում, հիմա եկել է 29 հազար 700 դրամ»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռազմիկ Ներսիսյանը։ Տեսնելով, որ այդքան մեծ գումար է կազմել, գնացել բողոքել է Ավանի գազի վարչություն։ Գազի վարչությունից գնացել փոխել են Ներսիսյանի գազի հաշվիչը, բայց նաեւ անջատել են նրա բնակարանի գազը՝ պահանջելով, որ մինչեւ այդ գումարը չմուծի, չեն միացնի։ Ռազմիկ Ներսիսյանն էլ դիմել է դատարան՝ նշելով, որ ինքը 29 հազար 700 դրամի գազ չի ծախսել, դա «Գազպրոմի» աշխատակիցների մեղքով է եղել, ինչո՞ւ պիտի մուծի։ Դատարանը հօգուտ նրան վճիռ է կայացրել։ Այդ փաստաթուղթը, սակայն, «Գազպրոմ Արմենիան», ըստ մեր զրուցակցի, իրավական հիմք չի համարել եւ չի կատարել դատարանի կայացրած ակտը։

«Գազպրոմ Արմենիայից» վերոնշյալի վերաբերյալ մեզ տվեցին բավականին խճճված պատասխան, որի վերջում իրենք ինչ-որ հետեւությունների են հանգել, թե ինչպես է ստացվում, որ դատարանի կարգադրությունն իրենց համար հիմք չի հանդիսանում։ Նախ թվարկել են այս գործին առնչվող մի շարք օրենքներ։ «Բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ), պայմանագրով եւ ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետում մատակարարված բնական գազի դիմաց չվճարելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բաժանորդ Ռ. Ներսիսյանից 29 հազար 738 դրամ բռնագանձելու նպատակով 24.05.2017թ. վճարման կարգադրություն արձակելու դիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՆԴ/1558/03/17 գործով 06.06.2017թ. արձակել է վճարման կարգադրություն: Նույն օրենսգրքի 2047-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով»,- ասված է «Գազպրոմ Արմենիայի» ուղարկած պատասխանում։

Վերջում եզրակացություն են արել․ «Վերոգրյալ հոդվածից հետեւում է, որ առարկություն ներկայացվելու հետեւանքով վճարման կարգադրության վերացումը չի նշանակում վճարման կարգադրության դիմում ներկայացնելու համար հիմք հանդիսացած պահանջի վերացում, քանի որ օրենսդիրը հնարավորություն է տվել պահանջը ներկայացնելու ընդհանուր հայցային վարույթի կարգով»։ Բայց առավել ուշագրավ է պատասխանի շարունակությունը, որը տավտոլոգիայի է նման․ «Բաժանորդ Ռ. Ներսիսյանն ուղղակի օգտվել է իր դատավարական իրավունքից՝ ներկայացրել է առարկություն, եւ արձակված վճարման կարգադրությունը վերացվել է, սակայն վճարման կարգադրության վերացմամբ չի վերացել բաժանորդ Ռ. Ներսիսյանի պարտավորությունը՝ վճարելու մատակարարված գազի դիմաց»։ Այսինքն՝ վճարման կարգադրությունը վերացել է, բայց դրանով չի վերացել վճարելու նրա պարտավորությունը։ Կամ՝ վճարման կարգադրության վերացումը չի նշանակում վճարման կարգադրության վերացում։ Այդ դեպքում դատարանի որոշման իմաստը ո՞րն է։ Կարճ ասած՝ «Գազպրոմ Արմենիայից» ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց աշխատակցի մեղքով բնակչին պատճառված վնասը փոխհատուցել, դեռ մի բան էլ այդ նույն բնակչի վրա լրացուցիչ բեռ են դնում ու անջատում նրա գազամատակարարումը։ Իսկ առջեւում ձմեռ է։ Եվ որքան էլ իրավական տեսակետից փորձեն հիմնավորումներ գտնել իրենց արարքին, առնվազն մարդկային ու բարոյական տեսակետից «Գազպրոմ Արմենիան» խախտում է մի շարք նորմեր։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X