Լուսավորվել են Բերդավանի փողոցները

Արդեն երեք տարի Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալում «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում: Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց եւ համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:

Դեռեւս 2016թ. աշնանը Բերդավանում տեղակայվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425 մ երկարությամբ տարածք։ Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցներից մնացած 900 մ-ն: Երկու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ, լուսավորվել 6325 մ տարածություն:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը եւ համայնքի բնակիչները:
«Երկրի սահմաններն ամուր պահող գյուղացին թիկունք է մեզ համար: Կարեւոր է, որ նա ունենա փոխադարձության զգացողությունը: Իր խնդիրների մեջ մեկուսանալը կթուլացնի հողի մշակին: Իսկ երբ իրականացվեն կարեւոր, երկարաժամկետ արդյունք ենթադրող ծրագրեր, մեր հայրենակիցները կզգան, որ իրենք մենակ չեն, եւ որ մենք էլ թիկունք ենք իրենց համար: Եթե ցանկանում ենք կառուցել հզոր երկիր, պարտավոր ենք հիշել ամենակարեւորի մասին՝ անհրաժեշտ է լինել միասնական: Դա բոլորովին բարդ չէ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս թեթեւացնելու համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնելու համայնքային կյանքը, լուծելու օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթեւեկելու խնդիրները, ինչն առավել կարեւոր է սահմանամերձ գյուղերում: LED լուսարձակների բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն եւ մաքուր շրջակա միջավայր։

Բերդավանի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-02:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-01:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

Մեկնաբանություն
X