Այդ հարցերի բարձրացումը էժանագին PR է․ Արմեն Ամիրյան

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր անդրադարձավ մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե հնարավոր է՝ ինքը պաշտոնանկ արվի։ Նախարարը, սակայն, ասաց, որ ինքը բամբասանքներին և բանսարկություններին չի պատասխանում: Հարցին՝ կառավարությունում գո՞հ են իրենից, թե ոչ, Ամիրյանը նշեց, որ պետք է հարցնել նրանցից, ում գոհունակությունն ուզում են լսել:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է դժգոհությունները կապված են ցուցահանդեսի փակման, Վ. Արծրունու համերգի չկայանալու հետ, նախարարն արձագանքեց. «Ցուցահանդեսի և համերգի չեղարկումը մեր կառույցի հետ կապ չունի: Այդ հարցերի բարձրացումը էժանագին PR է»:

Այն հարցին էլ, թե հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Ամիրյանը պատասխանեց, որ շատերի հետ է հանդիպումներ ունենում և չի պատրաստվում բարձրաձայնել դրանց մասին: «Այն հանդիպումները, որոնք լուսաբանվում են, լուսաբանվում են»,- ասաց նա:

Ամիրյանն անդրադրաձավ նաև այն հարցին, թե 2018—ից հետո պաշտոնավարելու ցանկություն ունի՞, թե՞ ոչ, սակայն հստակ պատասխան չտվեց․ «Կգա ժամանակը, կիմանաք: Ցանկությունը հասարակությունից է կախված»:

Մեկնաբանություն
X