«+Կինո»-ն հիշում է Ռուբեն Գեւորգյանցին

Կինոռեժիսոր, Հայաստանի կինեմոտոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը կյանքից հեռացավ ամիսներ առաջ։ «+Կինո» ամսագիրն այս տարվա իր 3-րդ համարը նվիրել է Ռուբեն Գեւորգյանցին։ Ստեղծագործական ի՞նչ ուղի է անցել կինոռեժիսորը, անվանի մշակութային ի՞նչ գործիչների հետ է հանդիպումներ ունեցել, ինչի՞ մասին է խորհել։ Այս հարցերի պատասխանը կարող ենք գտնել ամսագրում։

«Հեղափոխությունը կարելի է անել միայն երկու տեղում՝ սեփական գաղափարներում ու արվեստում» վերնագրված հարցազրույցում Ռուբեն Գեւորգյանցը պատմում է իր նախնիների մասին։ Գեւորգյանցի պապ Աղաբեկը ծնվել է Նախիջեւանի Ագուլիս գյուղաքաղաքում, 17 տարեկանում տեղափոխվել Մոսկվա, այնտեղ աշխատել մի հայ մեծահարուստի մոտ։ Տատը եղել է տոհմիկ ազնվական, սակայն արհեստական ծաղիկներ է պատրաստել ու վաճառել, որպեսզի կարողանա կերակրել երեխաներին։

Իսկ ահա հոր մասին Ռուբեն Գեւորգյանցը հիշում է, որ նրան 1937-ին չաքսորեցին։
«Կարծում եմ, նրա հետքերը պարզապես կորցրել էին։ Նա եկել էր Հայաստան ու այստեղ նոր կյանք էր սկսել։ Խորհրդային հատուկ ծառայությունները պարզապես չգիտեին, որ Ստեփան Կեւորկովը արդյունաբերող Գեւորգյանցի որդին է։ Եթե իմացած լինեին, ես հաստատ չէի ծնվի»,- գրում է կինոռեժիսորը։

Ռուբեն Գեւորգյանցը սկզբում ընդունվել է Գյուղատնտեսական ինստիտուտ, սակայն այնտեղ երկար ժամանակ չի դիմացել եւ որոշ ժամանակ անց ընդունվել է Թատերական ինստիտուտ։ Այնտեղ էլ համոզվել է, որ կինոն իրենն է։ Նրա ուսուցիչներն են եղել Վարդան Աճեմյանը, Գրիգոր Մելիք- Ավագյանը։ Հասկացել է, որ իր տարերքը վավերագրական կինոն է։

1996թ․ ֆիլմ է նկարահանվել Հայաստանի անկախության հնգամյակի առթիվ, որի հերոսներից մեկն էլ եղել է Ռուբեն Գեւորգյանցը, եւ որում նա պատմել է, թե ինչպես է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց։ Իսկ ահա 20 տարի անց նա միայն ցավ ու ափսոսանք է հայտնում այն Հայաստանի համար, որը դարձել է չինովնիկների եւ օլիգարխների երկիր, եւ որոնցից ռեժիսորն ուզում է հետ վերցնենք մեր երկիրն՝ առանց հեղափոխությունների։

Իսկ թե ինչպես է Ռուբեն Գեւորգյանցը ֆիլմ նկարել իտալացի գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերրայի մասին, մշակույթի ինչ հայտնի գործիչների հետ է շփվել նա ժամանակին, այս ամենի մասին ծանոթացնում է «+Կինո»-ն։«Ռուբեն Գեւորգյանցը մեծ սրտի տեր ռեժիսոր է, եւ նրա ֆիլմերի ուժը, նրա հաջողությունը հենց այդ մեծ սրտի մեջ է։ Մենք ծանոթացանք, երբ նա Իտալիա էր եկել Սերգեյ Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու համար։ Նա շատ կարեւոր բաներ արեց Փարաջանովի համար։ Ռուբենի հետ հաճախ էինք հանդիպում եւ ժամերով զրուցում էինք։ Մեր զրույցները շատ ջերմ էին, անկեղծ ու մտերմիկ»,- կինոռեժիսորի մասին գրել է Տոնինո Գուերրան։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X