Ռուսական անոնս

ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավանական է համարել ԼՂ խնդրի քննարկումը ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Այն նախատեսված է անցկացնել Սոչիում՝ հոկտեմբերի 10-ին: Տեւական ժամանակ է, ղարաբաղյան կարգավորման թեման ԱՊՀ որեւէ կառույցում չի քննարկվել: Թեեւ 1994թ. հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, հետագայում խնդրի կարգավորման բանակցություններ ընթացել եւ ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Չափազանց ուշագրավ է, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումը կհաջորդի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին: Ինչպես հայտնի է, միջնորդները փորձում են մինչեւ տարեվերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ ջանքներին ընդառաջ ռուսական մամուլում տեղեկատվական արտահոսք է կազմակերպվել, թե Սարգսյան-Ալիեւ բանակցությունների առարկան լինելու է «Լավրովի պլանը»: Տրամագծորեն հակառակ հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը: Նա ողջունել է ԼՂ-ում ականազերծման աշխատանքները եւ ասել, որ հարկ է նաեւ շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, ինչպես նաեւ ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Բացառված չէ, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԼՂ խնդրի քննարկման նախաձեռնությունը պատկանում է ՌԴ-ին: Այդ կերպ, ըստ ամենայնի, ռուսական կողմը փորձում է ԼՂ կարգավորումը տրանսֆորմացնել որպես ԱՊՀ «ներքին գործ»: Բնականաբար՝ Ռուսաստանի գործուն միջնորդությամբ: Հնարավոր է, Մոսկվան ձգտում է ԱՊՀ անդամ երկրներից ստանալ ղարաբաղյան կարգավորման մոդերատորի բացառիկ մանդատ: Եթե ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բարեխղճորեն է ներկայացրել իր երկրի դիրքորոշումը, ապա կարելի է ասել, որ հոկտեմբերի 10-ին ԼՂ հիմնախնդիրն ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվելու է: Դա կարող է դառնալ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման նախաբանը:

Մեկնաբանություն
X