«Սուպեր մամա 2»-ը ստեղծելու համար Հայկ Մարությանը վարկ է վերցրել, մեքենան վաճառել

>

«Ֆիլմի մտահաղացումից մինչեւ այսօր անցել է երկու տարի, երկու տարի է ամբողջ պրոցեսը տեւել։ Երկրորդ մասը առաջին մասին տրամաբանական շարունակությունն է, առաջինը մասը վերջացավ, որ երեխա էր ծնվել Սոնայի եւ Կարենի մոտ, այս ֆիլմում արդեն երեխան մեծացել է։ Սա տրամաբանական շարունակությունն է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սուպեր մամա 2» ֆիլմի գլխավոր հերոս դերասան Հայկ Մարությանը՝ կատակերգության պրեմիերայից առաջ։

Հայկ Մարությանը նշեց, որ ֆիլմի պատրաստումն է ամենաբարդ պրոցեսը եւ պատկերացում, թե ինչպես պետք է իրականացնել նկարահանումները․ «Ավելի շատ բարդություններ լինում են հենց պատրաստման փուլում։ Ֆիլմեր կան, որ տարիներ են նկարվում, հենց այդ պատրաստման փուլն է։ «Սուպեր մամա 1» առաջինը ամողջական էր, միակ կիսատ բանն այն էր, որ մարդկանց մտքով անցնում է, թե ինչպես հերոսների կյանքը շարունակվեց։ «Սուպեր մամա 1» ես անվանեմ ռոմանտիկ կոմեդի, իսկ երկրորդը՝ արկածային կոմեդիա։ Երկրորդում մենք շեշտը դրել ենք հումորի եւ արկածների վրա»։

Բանախոսներից Գարիկ Պապոյանը խոսելով իր մարմնավորած դերի, աղջկա կերպարի մասին, նշեց, որ սկզբում դժվար է, իսկ հետո ավելի հեշտ է եղել այդ կերպարով հանդես գալ․«Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է ապրել մեյքափով, խնդիրներ, որ առաջացավ ուղղակի մի բան բռնելու հետ, շրթներկի հետ, որովհետեւ միշտ մազ ա կպնում։ Սկզբում խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու հետ, բայց պարզվեց, որ մեթոդ կա՝ ոնց են տղաներն իրենց ձայնը աղջկա սարքում։ Դասընթացներ կա, որոնցից ես մի քանի օր օգտվեցի»։

Խոսելով ֆիլմի բյուջեի մասին՝ Հայկ Մարությանը նշեց, որ «Սուպեր մամա 2»-ի բյուջեն երկու անգամ ավելի է, քան նախորդ ֆիլմինը․ «Ուղիղ երկու անգամ աճել է բյուջեն, անկեղծ եմ ասում՝ մի հատ ավտոմեքենա ունեմ դա եմ վաճառել, չեմ խաբում, մեր անձնական գումարներն ենք դնում։ Իսկ մնացած պակասորդ գումարը լրացրել ենք վարկով՝ ի ուրախություն բանկի։ Ֆիլմի բյուջեի հաշվարկային թիվը մոտ 400 հազար ԱՄՆ դոլար է, իրականը չեմ կարող ասել, դա հաշվարկային է»։

Մեկնաբանություն
X