Փորձած թանն ու անփորձ մածունը

Կադրերի ընտրությունն ու նշանակումը մեզանում ամենախոցելի ոլորտներից են։ Փոքր երկրում միշտ վտանգ կա, որ ծանոթ-բարեկամների միջոցով առաջ կգնան նրանք, ովքեր արժանի չեն՝ ստվերում թողնելով արժանիներին։ Ո՞ւմ նշանակել բարձր պաշտոնի՝ նրա՞ն, ով տարիների ընթացքում ապացուցել է իր հավատարմությունը քեզ, թե՞ օտար-անծանոթ մարդկանց։ Առաջին դեպքում հանրությունը դժգոհելու է, թե նշանակողն օբյեկտիվ չէ, առաջ է քաշում հավատարիմներին, մերձավորներին։ Սա վատ բարոյահոգեբանական ազդակ է հասարակության համար՝ մարդկանց կարող է հուսահատեցնել, ստիպել, որ արտերկրում աշխատանք փնտրեն՝ մտածելով, որ հայրենիքում հավասար հնարավորություններ չկան իրենց համար՝ «ճիշտը երթալն է»։ Բայց մյուս կողմից կան պաշտոններ եւ կարգավիճակներ, որտեղ նշանակողը պետք է վստահ լինի, որ նշանակվողն ի վիճակի է արդարացնել իր հույսերը, որ չի տապալի աշխատանքը եւ սեւերես չի թողնի իրեն։ Այս առումով միանգամայն հասկանալի է նշանակողների պահվածքը, եւ, ըստ այդմ, ՀՀ նախագահի եւ վարչապետի պաշտոնում գտնվող անձինք նաեւ այս նկատառումներով են առաջնորդվում, երբ իրենց գյուղից, թաղից, կուրսից, նախկին գործընկերոջը, բաջանաղին ու աներձագին են տեղ տալիս, առաջ քաշում։ Երեկ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, օրինակ, վրդովվել է մեր լրագրողի հարցից՝ նորաստեղծ «կարգոյի»՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության տնօրենի պաշտոնում «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանի նշանակման մասով։ «Ընկերության տնօրենը, այո՛, «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին հաշվապահն է, որն ունի մեծ փորձ եւ պատրաստակամություն է հայտնել այդ ընկերությունում աշխատելու, ինչի՞ չաշխատի, ընդամենը այն բանի համար, որ ինձ հետ աշխատել է նույն ընկերությունո՞ւմ, անհիմն է դա»,- առարկել է նա։

Մեկնաբանություն
X